Հայաստանի կառավարությունը որոշել է ռազմավարական նշանակության «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ճակատագիրը՝ այն կդառնա պետության սեփականությունը և կփոխանցվի հավատարմագրային կառավարման։
Օգոստոսի 6-ին գործադիրի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց ընկերության պետականացման և ապա՝ կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին, սակայն չհստակեցրեց, թե հատկապես ում կամ որ կառույցին է այն վստահվելու:
Պետականացման գործընթացը սկիզբ էր առել դեռ անցյալ տարի, երբ պետությունը դադարեցրեց ՀԷՑ-ի լիցենզիան և նշանակեց ժամանակավոր կառավարիչ։
Վերջերս կառավարությունը կարճատև՝ ընդամենը 14 րոպե տևած հանրային լսումներով ընկերությունը ճանաչեց որպես հանրային գերակա շահ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սա հիմնավորում է հանրային շահի պաշտպանության հրամայականով, մինչդեռ ընկերության նախկին տնօրինությունը հայտարարել է, որ շարունակելու է վիճարկել այս գործընթացը։
ՀԷՑ-ի պետականացման գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ ընկերության սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը պաշտպանեց եկեղեցուն և Գարեգին Բ կաթաողիկոսին քաղաքական իշխանության հետ հակամարտության ամենասուր պահին:
Դրանից հետո Կարապետյանը ձրբակալվեց` իշխանության բռնազավթման կոչեր անելու մեղադրանքով, իսկ 2025 թվականի նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընկերությանը զրկել էր էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից։
Որպես հիմք նշվել էին էլեկտրաէներգիայի ցուցիչների կեղծումները, ներդրումային ծրագրերի թերակատարումն ու ռիսկային վարկերի տրամադրումը:
Վարչապետ Փաշինյանը նշել էր, որ ընկերությունը երկար ժամանակ ծառայել է նեղ շահերի և ծանրաբեռնվել վարկերով, ուստի ազգայնացումը լրացուցիչ բեռ չի դառնա պետական բյուջեի համար։ Գործընթացն ուղեկցվում է նաև «Տաշիր» խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործով. նա ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ։
Միջազգային իրավական հարթությունում նույնպես պետությունն ամրապնդել է իր դիրքերը՝ 2026 թվականի հունիսին Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀՀ կառավարության միջնորդությունը ՀԷՑ-ի պետականացման գործով՝ մերժելով նախկին սեփականատերերի բողոքները: