Ապօրինի գույքի բռնագանձում. պետությանը վերադարձվել է 17 մլն դոլար
Լուսանկարը` parliament.am
Հայաստանի դատախազությունը շարունակում է ապօրինի ծագման ակտիվների վերադարձի լայնածավալ գործընթացը՝ պետական բյուջե ուղղելով արդեն շուրջ 17 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ։ Թիրախում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց մերձավորները, իսկ դատարանում գտնվող հայցերով պահանջվող ընդհանուր գումարը գերազանցում է 628 միլիարդ դրամը։
Հայաստանի կառավարության օգոստոսի 6-ի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ կատարված աշխատանքների վերջին արդյունքները: Ըստ նրա տվյալների՝ միայն օրինական ուժի մեջ մտած վճիռներով և կնքված հաշտության համաձայնություններով պետությանն արդեն իսկ վերադարձվել է մոտ 6.3 միլիարդ դրամի ակտիվ: Այս ցանկում ներառված են անշարժ և շարժական գույք, բաժնետոմսեր, ինչպես նաև խոշոր չափի կանխիկ գումար և փոխառության պահանջի իրավունքներ:
Գլխավոր դատախազն առանձնացրել է վերջին շրջանում Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարված մի շարք աղմկահարույց գործեր, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել: Այդ թվում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, նրա եղբոր դստեր՝ Անի Սարգսյանի, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների վերաբերյալ գործերը:
Այս դատական ակտերի վերջնական ուժի մեջ մտնելուց հետո պետականացման ենթակա կլինեն տասնյակ անշարժ գույքեր, տրանսպորտային միջոցներ, բիզնես բաժնեմասեր, արժույթային հարյուր հազարավոր դոլարների հասնող ավանդներ և հարյուրավոր միլիոնների դրամական միջոցներ:
Վարդապետյանը նաև տեղեկացրել է, որ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի գործով արդեն իսկ հարկադիր կատարման է ուղարկվել շուրջ 1.3 միլիարդ դրամի բռնագանձման պահանջը։ Գործընթացի աննախադեպ ծավալների մասին է վկայում նաև ընդհանուր վիճակագրությունը. ներկայումս Հակակոռուպցիոն դատարանում քննվում է 172 հայց՝ շուրջ 628.6 միլիարդ դրամ ընդհանուր հայցագնով:
Այս վարույթներով դատախազությունը պահանջում է բռնագանձել ավելի քան հազար չորս հարյուր անշարժ և երեք հարյուր յոթանասունմեկ շարժական գույք, հարյուրավոր ընկերությունների բաժնեմասեր և մոտ 464.6 միլիարդ դրամի չափով դրամական միջոցներ: