5.08.2026
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են
prev Նախորդ նորություն

Սոցցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ են իրականացվում

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները։ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը տեղեկացնում է, որ հանցավորները սոցիալական ցանցերում հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ հայտարարություններ։ Հայտարարությամբ հետաքրքրվելուց հետո նրանք, պատճառաբանելով, որ բնակարանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, պահանջում են անհապաղ փոխանցել կանխավճար՝ այն «ամրագրելու» նպատակով։


Արդյունքում՝ գումարը ստանալուց հետո դադարեցնում են կապը, արգելափակում են ձեզ կամ ջնջում իրենց էջը։


Ինչպե՞ս պաշտպանվել


• Երբեք մի՛ փոխանցեք կանխավճար, քանի դեռ անձամբ չեք տեսել բնակարանը և չեք համոզվել, որ շփվում եք իրական սեփականատիրոջ կամ անշարժ գույքի գործակալության լիազորված ներկայացուցչի հետ։
• Եթե առաջարկը չափազանց շահավետ է թվում, մեծ է հավանականությունը, որ այն խարդախություն է։
• Ցանկացած վճարում կատարեք միայն գրավոր պայմանագրի կնքումից հետո։
• Ստուգեք այն օգտահաշիվը, որը հրապարակել է հայտարարությունը․ վերջերս ստեղծված, քիչ ակտիվություն ունեցող կամ կասկածելի էջերը կարող են օգտագործվել խարդախության նպատակով։
• Հնարավորության դեպքում համոզվեք, որ բնակարանի լուսանկարները չեն օգտագործվել այլ հայտարարություններում կամ կայքերում։


Եթե կասկածում եք, որ դարձել եք խարդախության զոհ, կիբեռոստիկանությունից խորհուրդ են տալիս հնարավորինս արագ դիմել ձեր բանկին, պահպանել ամբողջ հաղորդագրությունների պատմությունը, փոխանցման անդորրագրերը և դեպքին առնչվող այլ տվյալներ, ապա անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։


«Զգոն եղեք և ցանկացած վճարում կատարելուց առաջ մանրակրկիտ ստուգեք առաջարկի իսկությունը»,-նշում են ոստիկանությունից։