5.08.2026
ՔԿ․ Դատարան ուղարկված քրեական վարույթների թիվն աճել է 62%-ով
prev Նախորդ նորություն

Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն է դատարան ուղարկվել

Լուսանկար՝  Yerevan.am
Լուսանկար՝ Yerevan.am

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ 2-րդ քրեական գործն է ուղարկվել դատարան․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, Արեյանի և քաղաքապետարանի նախկին աշխատակից Նաիրա Տեր-Ստեփանյանի վերաբերյալ քրեական գործն օգոստոսի 4-ին մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին։


Ըստ մեղադրանքի՝ Արեյանը, 2003-2009 թվականներին զբաղեցնելով Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալի պաշտոնը, օժանդակել է Երևան քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորությունների անցմանը, ինչի հետևանքով «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը զրկվել է դպրոցին անհատույց օգտագործման համար տրամադրված հողամասից։


Դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ ՀՀ-ն զրկվել է 105 մլն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից:


Հիշեցնենք` ՀՀ դատախազությունը հուլիսի 21–ին Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով)։


Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ նրա վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է դատարան և մակագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։