4.08.2026
Արարատ Միրզոյանն ընդունել է առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպանին
prev Նախորդ նորություն

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է ապօրինի հողահատկացումների մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2010-2018 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս:


Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևանի հասցեներից մեկում գտնվող 2500 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխության գործընթացը հակաօրինական ճանապարհով ավարտին հասցնելու և այն ապօրինի կերպով քաղաքապետի տեղակալի որդուն օտարելու նպատակով կազմել և քաղաքապետին է ներկայացրել կեղծ տվյալներ:


Բացի այդ, վերջինս ռեստորանային համալիրներից մեկի զբաղեցրած հողամասի մի հատվածի նկատմամբ ՍՊ ընկերության իրական շահառու՝ ՀՀ 3-րդ նախագահի թիկնազորի պետի կնոջ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, Ուսանողական այգու տարածքում ընկերության կողմից կառուցված շինության վերաբերյալ կազմել է կեղծ եզրակացություն, և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված նորմերին հակառակ՝ հողամասն ավելի քան 24 մլն դրամով ապօրինի օտարվել է հիշյալ ընկերությանը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին ու օրինական շահերին:


Նախաքննության ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: