Հայաստանի հետ խաղաղության ուղղությամբ առաջընթացը նոր հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության համար, Ադրբեջան կատարած այցի ժամանակ պետական Azertac-ին տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։
Նոր հնարավորությունների համատեքստում Կասիսն ասել է․ «Ադրբեջանը Շվեյցարիայի համար կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում և առանցքային օղակ Եվրոպայի և Ասիայի միջև։ Նրա դերակատարությունը որպես տարածաշրջանային հանգույց աճում է»:
Թուրքիայի աջակցությամբ զարգացվող «Միջին միջանցքի» նախագծի վերաբերյալ հարցին նախարարը նշել է, որ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը երկիրը դարձնում է Արևելքն ու Արևմուտքը կապող կարևոր օղակ։
«Շվեյցարիան հետաքրքրված է «Միջին միջանցքի» զարգացմամբ, քանի որ հուսալի և դիվերսիֆիկացված առևտրային երթուղիները կարևոր նշանակություն ունեն բաց և դիմակայուն համաշխարհային տնտեսության համար։ Մենք համագործակցության ներուժ ենք տեսնում լոգիստիկայի, ենթակառուցվածքների և թվայնացման ոլորտներում», – ասել է նա։
«Միջին միջանցքը» 2013 թվականին նախաձեռնել են Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան։ Այն Չինաստանն ու Հարավարևելյան Ասիան Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով կապում է Եվրոպայի հետ։
Դիվերսիֆիկացման համատեքստում Կասիսը նաև Ադրբեջանի հետ Եվրոպայի էներգետիկ գործակցությունից է խոսել՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է դարձել և կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար․ «Բաքուն օգնում է նվազեցնել կախվածությունը մեկ մատակարարից և աջակցում էներգիայի առավել կայուն ու դիվերսիֆիկացված մատակարարմանը»:
Անդրադառնալով հայ-ադրբեջնական կարգավորման գործընթացին՝ Կասիսը ողջունել է առաջընթացը։ Առևտրի, տրանսպորտային կապերի և վստահության ամրապնդմանը միտված այլ միջոցառումների վերականգնումը նա հուսադրող է համարել։
«Հույս ունենք, որ երկու կողմերն էլ, հենվելով այս առաջընթացի վրա, կշարժվեն դեպի տևական խաղաղությունը, որը օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին»:
Կասիսն իր խոսքում նշել է, որ առաջիկայում պատրաստվում է նաև Հայաստան այցելել։