Աշխարհի առաջատար համալսարանների 459 շրջանավարտ անցել է պետական կառավարման կադրային բանկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պետական կառավարման համակարգում ներգրավվելու նպատակով աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին ուղղված իր նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել։
Նրա խոսքով՝ ստացվել է ընդհանուր առմամբ 1141 հայտ, որոնց ուսումնասիրությունից և նախնական ընտրությունից հետո 459 թեկնածու, կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը, անցել է ընտրության երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է։
Վարչապետի տեղեկացմամբ՝ հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի կառավարության կադրային բանկը, որտեղ ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ պահանջների հետ։
Փաշինյանը հիշեցրել է, որ ծրագրի մեկնարկին հայտարարել էր՝ կադրային բանկում ընդգրկված մասնագետներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են առաջարկվել պետական կառավարման համակարգում աշխատանքի հնարավորություններ կամ համագործակցության այլ ձևաչափեր։
«Այսօր արդեն մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում եմ կայացրել, և առաջիկայում կտեսնեք այդ որոշումների դե յուրե իրագործումը», – նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել իր հրավերին արձագանքած բոլոր թեկնածուներին և հանրությանը՝ նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար։