Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը չի գործում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի չեղարկման մասին։ «Կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է»,- ասել է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը Մերձավոր Արևելքում հերթական անգամ փոխադարձ զանգվածային հարվածներ են հասցրել միմյանց։ Թրամփն ընդգծել է, որ այլևս չի ցանկանում գործ ունենալ իրանական իշխանությունների հետ, քանի որ դա «ժամանակի կորուստ է»։ «Նրանք հիվանդ մարդիկ են… դաժան և հակված բռնության»,- նշել է նա։
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ը, ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի գնդակոծմանը, հարվածներ է հասցրել Իրանի ավելի քան 80 ռազմական թիրախների։ Դրանից հետո՝ հուլիսի 8-ի գիշերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ գրոհել է ամերիկյան 85 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Բահրեյնում և Քուվեյթում։ Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Իրանը հրադադարի ֆոնին արդեն իսկ փոխադարձ հարվածներ հասցրել էին միմյանց։
Թրամփը հավանական է համարել, որ Իրանի հետ բանակցությունները կարող են շարունակվել, սակայն լուրջ կասկածներ է հայտնել դրանց արդյունավետության վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ հանրապետությունում իշխանության ղեկին «ստախոսների խմբակ է»։ «Նրանք վատ մարդիկ են, և, անկեղծ ասած, ես չեմ ցանկանում իմ ժամանակը ծախսել նրանց վրա։ Եթե մեր հրաշալի բանակցողները ցանկանան շարունակել բանակցությունները՝ խնդրեմ, բայց անձամբ ես դրա իմաստը չեմ տեսնում»,- եզրափակել է Թրամփը։