2.07.2026
Քաղաքացիների նկատմամբ ճնշման և վախի մթնոլորտի նոր դրսևորում. «Միասնության թևեր»
prev Նախորդ նորություն

Հայաստանի կառավարությունը հաստատեց վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգ

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

Հայաստանի կառավարությունը հուլիսի 2-ի նիստին հաստատել է վարորդական վկայականների տրամադրման, կասեցման և վերականգնման նոր, հիմնովին թվայնացված կարգը, որը նպատակ ունի պարզեցնել վարչարարությունը, վերացնել հերթերն ու բացառել օրենսդրական բացերի չարաշահումը:


Հուլիսի 6-ից ուժի մեջ մտնող նոր մոդելով այն քաղաքացիները, որոնց վարելու իրավունքից զրկման ժամկետն արդեն լրացել է, հնարավորություն կստանան մեկ տարվա ընթացքում դիմել դրա վերականգնման համար՝ տեղում վճարելով հիսուն հազար դրամ պետական տուրք: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, որ այս կարգավորումը չի տարածվելու դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռներով վարորդական իրավունքից զրկված անձանց վրա:


Նոր փոփոխությունների առանցքային կետերից է «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ ավտոմատացված ինտեգրումը: Այս մեխանիզմը թույլ կտա ինքնաշխատ եղանակով, առանց քննական ստորաբաժանում այցելելու պահանջի, կասեցնել այն անձանց վարորդական իրավունքը, որոնք հաշվառված են հոգեբուժական կամ թմրաբանական հաստատություններում:


Միևնույն ժամանակ, թվային վերահսկողությունը կլուծի առողջական խնդիրների հիմնավորմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված, սակայն մեքենա վարող քաղաքացիների խնդիրը. վարելու հետ անհամատեղելի հիվանդության առկայության դեպքում անձի պրոֆիլում անմիջապես կարգելափակվի տրանսպորտային միջոց շահագործելու իրավունքը:


Օրենսդրական փաթեթը ենթադրում է նաև վարորդական քննությունների անցկացման կարգի էական բարելավում: Հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքը, հերթերի կառավարման խնդիրները և ավտոդպրոցներում ուսումնառության ժամկետները՝ տեսական քննության դրական արդյունքի պահպանման ժամանակահատվածը գործող մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի: Բացի այդ, սեպտեմբերի մեկից կներդրվեն նոր, տրանսպորտային միջոցի կարգին և ենթակարգին ադապտացված հարցաշարեր:


Այս մոտեցումը կբացառի, օրինակ, թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդին ավտոբուսների կառավարման վերաբերյալ հարցերի առաջադրումը՝ դարձնելով քննական գործընթացն առավել տրամաբանական և արդարացված: