2.07.2026
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն»
prev Նախորդ նորություն

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը

ֆոտո․ Boston Globe
ֆոտո․ Boston Globe

112 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մերի Վարդանյանը՝ մոլորակի ամենատարեց բնակիչներից մեկը և 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերջին  ականատեսներից մեկը։ Մարդ, ում կյանքն ինքնին հայ ժողովրդի ոչնչացման  ծրագրերի տապալման կենդանի վկայությունն էր։


Նա ծնվել է 1914 թվականին Արևմտյան Հայաստանում։ Ընդամենը մեկ տարեկան էր, երբ աշխարհը փլուզվեց՝ վերածվելով տեղահանության, սովի և կոտորածի։ Մանուկ հասակում, մահից մազապուրծ փախչող ծնողների գրկում, նա հաղթահարել է Մերձավոր Արևելքի անապատները։ Նա ողջ է մնացել այնտեղ, որտեղ ողջ մնալը վիճակագրորեն անհնար էր, և իր հետ տարել է հիշողությունն այն մարդկանց մասին, ումից խլել էին անվան, տան ու ապագայի իրավունքը։


Անցնելով Սիրիայով և Լիբանանով՝ Մերին նոր տուն է գտել ամերիկյան Բոստոնում։ Այնտեղ նա ապրել է երկար, արժանապատիվ կյանք՝ շրջապատված զավակների, թոռների և ծոռների սերունդներով։ Վերջին տասնամյակներում Մասաչուսեթսում ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին նրա փխրուն կերպարն անփոփոխ կերպով սևեռում էր հարյուրավոր մարդկանց հայացքները։ Մերի Վարդանյանին պետք չէր բարձրագոչ խոսքեր ասել. միայն նրա ներկայությունը, պարզ հայացքն ու խորը կնճիռները ողբերգության գլխավոր վկայությունն էին և, միևնույն ժամանակ, կյանքի գլխավոր հաղթանակը։


Հայ համայնքում նրա երկարակեցությունն ընկալվում էր որպես հրաշք և խորհրդանշական հաղթանակ։ Մերի Վարդանյանն ապացուցեց. կարելի է խլել հողը, կարելի է ավերել տները, բայց հնարավոր չէ ոչնչացնել արմատները, եթե նրանք իսկապես զորեղ են։


Նրա մահով փակվեց 1915 թվականի կենդանի, չսպիացող հիշողության ևս մեկ էջը։ Հեռանում են նրանք, ովքեր դա տեսել են սեփական աչքերով։ Այժմ հիշողության այդ «խրամատը» պահելը ողջ մնացածների խնդիրն է ր պարտավորությունը։


 

Պետական գաղտնիք հրապարակելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Հաջորդ նորություն next