Հայաստանը կզարգացնի կանաչ ջրածնի արտադրությունը. հաստատվել է պիլոտային ծրագիր
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանը նախապատրաստվում է էներգետիկ անցման նոր փուլի. կառավարությունը դիտարկում է կանաչ ջրածնի արտադրության հեռանկարներն ու ոլորտի զարգացման ռազմավարական սցենարները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել մեկնարկել առաջին պիլոտային ծրագիրը, որը կնպաստի երկրի էներգահամակարգի արդիականացմանը:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկման առանցքում են եղել մասնագիտական աշխատանքային խմբի, ինչպես նաև «BDO ADVISORY» և «CIVITTA» խորհրդատվական ընկերությունների կողմից իրականացված տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների արդյունքները: Ավելի վաղ Ներդրումային կոմիտեի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը գնահատել է կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաները, դրանց առավելություններն ու անհրաժեշտ իրավական կարգավորումների շրջանակը:
Նիստի մասնակիցներն անդրադարձել են էներգահամակարգի ածխածնազերծմանը, վնասակար արտանետումների նվազեցմանն ու կանաչ տաքսոնոմիայի պահանջներին համապատասխանող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման սցենարներին: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել կատարված վերլուծությունները՝ հատուկ ընդգծելով գիտական համայնքի և միջազգային փորձագետների սերտ ներգրավմամբ պիլոտային ծրագրի անհապաղ մեկնարկի կարևորությունը։
Ոլորտի պատասխանատուներին հանձնարարվել է առաջիկայում ներկայացնել համապարփակ զեկույց նախագծի իրագործման ուղղությամբ կատարվող պրակտիկ աշխատանքների վերաբերյալ: