Էներգետիկ համակարգի ներդրումային ծրագրերի ակտիվացում է սպասվում
Սպասվում է էներգետիկ համակարգի ներդրումային ծրագրերի ակտիվացում: Նման խոստմամբ հանդես է եկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:
Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման և վերակառուցման նպատակով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին այս տարի նախատեսվում են ավելի քան 58 մլն դոլարի ներդրումային ծրագրեր։
Նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի փոխանցմամբ, առաջին եռամսյակում կատարվել են շուրջ 3,2 մլն դոլարի ներդրումներ։ Ավելի քան 2 մլն դոլար են կազմել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացված աշխատանքները։
«Տարեսկզբին էնեգետիկ համակարգում վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին կատարված ներդրումների ոչ մեծ ծավալները պայմանավորված են հիմնականում սեզոնային գործոններով։ Մյուս կողմից՝ նախատեսված ներդրումային ծրագրերի մի մասը առայժմ գտնվում է շինարարության մեկնարկի փուլում»,- նշել է պաշտոնյան:
Առաջիկայում արդիականացման լայնածավալ միջոցառումներ են նախատեսվում էներգետիկ համակարգի ենթակայանների վերակառուցման ուղղությամբ։ Միջազգային մրցույթի արդյունքում կնքվել են «Երևանի ՋԷԿ»-ի, «Ագարակ-2», «Շինուհայր», «Աշնակ», «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» ենթակայանների կապալառու կազմակերպությունների և աշխատանքների վերահսկողության խորհրդատուների պայմանագրերը։ Այս պահին ընթանում են ենթակայանների նախագծման աշխատանքները, որոնց կառուցման շինարարության մեկնարկը հիմնականում կտրվի տարվա երկրորդ կեսին։ 2017թ. սպասվում են շուրջ 17 մլն դոլարի ներդրումներ։
Ընթացքի մեջ է Հրազդան-Շինուհայր շուրջ 230 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Նորադուզ, Լիճք և Որոտան-1 օդային գծերի կառուցումն ավարտվել է և դրվել լարման տակ: Շարունակվում են Վարդենիս և Վայք հատվածների կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2017թ.: Նախագծման փուլում է տնտեսված գումարների հաշվին շուրջ 50 կիլոմետր երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի կառուցումը։ Ծրագրի շրջանակներում ընթացիկ տարի սպասվում են ավելի քան 6,7 մլն դոլարի ներդրումներ։
«Այս պահին շարունակվում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանների կառուցման կապալառու կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարված միջազգային մրցույթին ներկայացրած հայտերի գնահատման գործընթացը։ Ըստ ժամանակացույցի, հայտերի գնահատման ամփոփումը և ընտրված գլխավոր կապալառուների հետ պայմանագրերի կնքումը նախատեսվում է 2017թ. սեպտեմբերի վերջին»,- հավելել է Վարդան Մարտիրոսյանը։