23.06.2026
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
prev Նախորդ նորություն

Politico․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է հուլիսի 1-ին այցելել Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով այցի նախապատրաստական աշխատանքներին ծանոթ երեք աղբյուրի։


Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Նախնական տվյալներով այցը նախատեսված է հուլիսի 1-ին, սակայն ծրագրերը դեռ վերջնականապես համաձայնեցված չեն։


Politico-ի գնահատմամբ՝ այցը դիտարկվում է որպես բարձր մակարդակի քաղաքական աջակցություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա քաղաքական ուժի հաղթանակից հետո։


Պարբերականը նշում է, որ այցը նախատեսվում է մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանությունները փորձում են խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ և ընդլայնել համագործակցությունը արևմտյան գործընկերների հետ։


Politico-ի հետ զրուցած ԵՄ պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի «ինտենսիվ և շարունակական ճնշման» ներքո, իսկ Եվրահանձնաժողովի նախագահի այցը կարող է դառնալ Երևանի նկատմամբ աջակցության կարևոր քաղաքական ազդակ։


«Դա ուղերձ կլինի, որ Եվրոպան Հայաստանի կողքին է»,- նշել է պարբերականի զրուցակիցներից մեկը։


Politico-ն նաև հայտնում է, որ հնարավոր այցն արդեն ազդեցություն է ունեցել Բրյուսելի աշխատանքային օրակարգի վրա։ Մասնավորապես, հուլիսի 1-ին նախատեսված Եվրահանձնաժողովի կոլեգիայի նիստը չեղարկվել է, ինչի հետևանքով մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումն ու ընդունումը հետաձգվել են կամ վերանայվել։


Խոսքը վերաբերում է հանրային գնումների մասին օրենսդրական փաթեթին, ԵՄ մրցակցային կանոնների վերանայման ծրագրին, ինչպես նաև պաշտպանության միասնական շուկային, նորարարություններին և անասնապահությանը վերաբերող նախաձեռնություններին։


Politico-ն հիշեցնում է, որ այցի հաստատման դեպքում սա կլինի Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցը Հայաստան երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում։ Մայիսին նա Երևանում մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին։


 

Սոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Team Telecom Armenia
22.06.2026
Հայկական և ադրբեջանական ընկերությունները ինտերնետ-տարանցման համաձայնագիր են կնքել