ՄԻԵԴ-ը Ապրիլյան պատերազմի գործերով առաջին վճիռն է հրապարակել
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվել է Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող գործերով անդրանիկ դատավճիռը: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի տեղեկացմամբ՝ Եվրոպական դատարանը փաստել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը՝ ներառյալ գլխատումն ու մարմնի պղծումը:
Դատարանի որոշմամբ՝ ադրբեջանական կողմը պարտավորվել է 90,000 եվրոյի չափով փոխհատուցում վճարել զոհի հարազատներին: Դրմեյանի գնահատմամբ՝ սա առանցքային նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում տուժածների իրավունքների պաշտպանությանն ուղղված հետագա հայցերի համար։ Խոսքը 2016-ի պատերազմի ամենաողբերգական դրվագներից մեկի մասին է, երբ հայ զինծառայողները ենթարկվել էին դարանակալման, իսկ այնուհետև՝ դաժան խոշտանգումների, ինչն իր մանրամասն արտացոլումն է գտել ՄԻԵԴ վճռում:
Լիպարիտ Դրմեյանը հատուկ երախտագիտություն է հայտնել դիմումատուների փաստաբանական խմբին կատարված աշխատանքի համար։ Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը, դատարանի ընթացակարգերի համաձայն, ներգրավված է եղել որպես երրորդ կողմ:
Չնայած Բաքվի կողմից մեղավորության մշտական հերքումներին, տևական ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել դատարանին ներկայացնել անառարկելի ապացույցներ։ Դրանց թվում են եղել նաև ադրբեջանական լրատվամիջոցների տեսանյութերը, որտեղ հակառակորդի հատուկ ջոկատայինները ներկայացնում էին այդ վայրագությունները որպես «հերոսական» գործողություններ։