Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս առաջնորդները կոշտացնում են հռետորաբանությունը Երևանի նկատմամբ՝ հրապարակայնորեն զգուշացնելով արևմտյան վեկտորի ընտրության և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու ծանր տնտեսական հետևանքների մասին։
Մինչ քաղաքական վերնախավը փորձում է մեղմել լարվածությունը և հաշվարկել դեպի Եվրոպա արտահանման վերաուղղորդման գինը, հայաստանցի ֆերմերներն արդեն իսկ կրում են ռուսական շուկայի փաստացի սահմանափակումների առաջին ծանր հարվածները։
ԵԱՏՄ-ի վերջնագիրը և ընտրության գինը
Մայիսի 29-ին Ղազախստան կատարած այցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ գծեց այն «կարմիր գծերն» ու տնտեսական կորուստները, որոնք սպասվում են Հայաստանին ինտեգրացիոն կառույցները լքելու դեպքում։ Մոսկվան ակնհայտորեն անցում է կատարում կոշտ աշխարհաքաղաքական բառապաշարի։
«ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատելու համար ստիպված կլինեն աշխատանքային արտոնագիր ձեռք բերել»,- հայտարարել է Պուտինը մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա ընդգծել է, որ տնտեսական կապերի խզումը կհանգեցնի նաև գյուղատնտեսական ապրանքների համար շուկաների փակմանը. «Ազատ առևտրի համաձայնագրերին մասնակցությունը կփակվի»։
Ռուսաստանի առաջնորդը թերահավատություն է հայտնել արևմտյան խոստումների նկատմամբ՝ շեշտելով. «Եվրոպան միայն խոստանում է 2,5 միլիարդ եվրոյի ներդրումներ Հայաստանում, մինչդեռ Ռուսաստանն արդեն զգալի ներդրումներ է կատարել երկրի տնտեսության մեջ»։ Ամենախիստ նախազգուշացումը, սակայն, վերաբերում էր էներգակիրներին. ըստ Պուտինի, ռուսական էներգակիրների գների բարձրացումը կարող է արժենալ Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 14 տոկոսը։
Դրան զուգահեռ, Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովում ԵԱՏՄ առաջնորդները համատեղ հայտարարությամբ կոչ արեցին Հայաստանում հնարավորինս արագ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ՝ փաստացի համակարգված ճնշում գործադրելով Երևանի վրա՝ կողմնորոշումը վերջնականապես հստակեցնելու համար։ Պուտինն իր խոսքն ամփոփեց բազմիմաստ ուղերձով. «Արեք այն, ինչ կարծում եք, որ լավագույնն է... Ինչ էլ որ ասեք, այդպես էլ կլինի»։
Երևանի արձագանքը. ԵՄ շուկան դեռ այլընտրանք չէ
Պաշտոնական Երևանը փորձում է չսրել խոսակցությունը՝ խուսափելով կտրուկ հակադարձումներից և իրավիճակի սրումից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանը կմնա ԵԱՏՄ անդամ, քանի դեռ ԵՄ անդամակցության բարեփոխումները համատեղելի են դրա հետ։
Սակայն տնտեսական բլոկի պատասխանատուներն անուղղակիորեն ընդունում են, որ եվրոպական շուկան այս փուլում ի վիճակի չէ փոխարինել ռուսականին՝ հիմնականում անմրցունակ ինքնարժեքի պատճառով։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանում է, որ թեև որակապես հայկական արտադրանքը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, գնային առումով այն պարտվում է։
«Հայ արտադրողը ելակի սածիլը գնում է նույն հոլանդական խանութից, որտեղից և ֆրանսիացի ֆերմերը։ Բայց հայ արտադրողը գումար է վճարում, որպեսզի այդ սածիլը բերի Հայաստան, հետո ևս գումար պետք է տա, որ այդ ելակը տանի Հոլանդիա կամ Ֆրանսիա, ինչին գումարվում է նաև մաքսատուրքը և... տրանսպորտային ծախսերը»,- նշել է Պապոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ հավելելով, որ եվրոպացի ֆերմերները պետությունից ստանում են մինչև 50% փոխհատուցում և տարբեր սուբսիդիաներ: Նախարարի խոսքով՝ ԵՄ ներսում, ինչպես նաև հարևանությամբ (Թուրքիա, Մարոկկո), կան անհամեմատ ավելի էժան արտադրողներ:
Կառավարությունը հաշվարկել է նաև վնասների փոխհատուցման հնարավոր բեռը։ Ըստ նախարարի՝ միայն ծաղկի, լոլիկի ու պղպեղի արտահանումը սուբսիդավորելու և վերաուղղելու համար մինչև տարեվերջ կպահանջվի շուրջ 20-30 միլիոն դոլար. «Այդ բեռը տանելի բեռ է»,- վստահեցնում է նախարարը, սակայն ֆերմերների իրականությունը հակառակն է ապացուցում։
Ֆերմերների անհանգստությունը. միլիոնների վնասներ և վարկեր
Քաղաքական և ընտրարշավային բարձր հայտարարությունների ստվերում հայ ֆերմերները հայտնվել են կոլապսի մեջ։ Ռուսական շուկայի սահմանափակումների և բեռնատարների՝ սահմանից հետ վերադառնալու ֆոնին, ներքին շուկան գերհագեցել է, իսկ ապրանքի գինն արժեզրկվել։
Արարատյան դաշտավայրի ծաղկաբույծներից մեկը, «Արմլուր»-ի հետ զրույցում հուսահատ կոտրելով սեփական բերքը, նկարագրում է վնաստները. «Հիմա ամեն ինչ արգելափակված է։ Վնասը միլիոնների է հասնում: Ժամանակին էժան վարկեր վերցրինք՝ գործ դնելու համար, հիմա ստիպված նոր, ավելի թանկ վարկեր ենք վերցնում... Ու սա միայն ծաղկի խնդիրը չէ. կանաչին ու ելակն էլ են ֆուռերով սահմանից հետ գալիս»։
Ֆերմերը Եվրոպա արտահանելու հեռանկարն անվանում է անիրատեսական. «Մենք ծաղկի սածիլներն ենք Եվրոպայից բերում, հիմա նրանց ի՞նչ պիտի ծախենք: Եվրոպան մեր ամենաընտիր, առողջ ծաղկի վրա հարյուրավոր դեֆեկտներ կգտնի: Իսկ ռուսական ճանապարհը փակ է»: Ներքին շուկայում գներն այնքան են ընկել, որ 5-6 կապ ծաղիկը վաճառվում է 1000 դրամով, ինչը չի ծածկում անգամ թանկացած ցելոֆանի ծախսը։
Նույն ճգնաժամն ապրում են բանջարեղեն աճեցնողները։ Ջերմոցատերերից մեկը, ով 40 միլիոն դրամի վարկ է վերցրել (որը տոկոսներով հասել է 43 միլիոնի), արձանագրում է, որ ջերմոցում հավաքած 4-5 տոննա լոլիկը փչանում է։ Շուկայում պարսկական էժան ապրանքի առկայության և արտահանման բացակայության պայմաններում լոլիկի գինը 1000 դրամից անկում է ապրել մինչև 200 դրամ։
«Ամեն օր դրա վրա փող է ավելանում... Չենք կարողանում այդ բույսը վաճառենք, որ մեր վարկերը տանք, որ մեր ընտանիքին պահենք»,- ահազանգում է ֆերմերը, հայտնում է news.am-ը։ Կառավարության առաջարկը՝ ապրանքը իրացնել Երևանի փոքր կետերում, նա ծիծաղելի է համարում. «Գալու է մարդը առնելու է 1 կիլոգրամ, ես ծախում եմ 100 կգ. 99 կգ-ը ես թափելու եմ։ Մենք չենք կարողանալու մեր ապրանքները ռեալիզացնենք Հայաստանում, դա անհնարին բան է... Արդեն հացի խնդիր ենք մենք ունենալու»։
Էներգետիկ հարվածը
Իրավիճակն իր հանգուցալուծմանը կհասնի, երբ գործի դրվի գլխավոր լծակը՝ էներգակիրների` գազի գինը։ Հայաստանի գյուղատնտեսությունը, հատկապես ջերմոցային տնտեսությունները, կառուցված են էժան ռուսական գազի սպառման և պետական սուբսիդավորման մոդելի վրա։
Եթե շուկայի փակմանը, արտահանման կրճատման և գյուղացիական վարկային բեռին գումարվի գազի սակագնի բարձրացումը՝ կձևավորվեն բոլոր անհրաժեշտ բաղադրիչները «կատարյալ փոթորկի» համար։ Առանց այլընտրանքային մրցունակ շուկաների և ապահովագրական համակարգի գործունեության, երկրի ագրարային սեկտորը կարող է կանգնել ծանր խնդիրների առաջ, ինչը լրջագույն սոցիալ-տնտեսական մարտահրավեր կդառնա Երևանի համար առաջիկա ամիսներին։