Թանգարանների աշխատողների աշխատավարձը կաճի 57%-ով. նոր ծրագիր ՀՀ-ում
Լուսանկարը` 1lurer.am
Հայաստանի կառավարությունը մեկնարկում է մշակութային ոլորտի բարեփոխումների նոր փուլ. ատեստավորման համակարգի ներդրմամբ թանգարանային աշխատակիցների վարձատրությունը միջինում կբարձրանա 57 տոկոսով՝ նպատակ ունենալով լուծել երիտասարդ կադրերի պակասի խնդիրը:
Գործադիրը մայիսի 27-ին հավանություն է տվել պետական բյուջեում վերաբաշխում կատարելու նախագծին՝ մշակութային այս նախաձեռնության իրագործման համար հատկացնելով 151․8 միլիոն դրամ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակը թանգարանային ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության աճի փոխկապակցված, գործուն մեխանիզմի ներդրումն է:
Ոլորտում առկա ցածր աշխատավարձերը հանգեցրել են համակարգային լուրջ մարտահրավերների: Նախարարն ընդգծել է, որ ֆինանսական ոչ գրավիչ պայմանները սահմանափակում են մասնագիտական աճը, նվազեցնում երիտասարդ մասնագետների հետաքրքրվածությունը և էական ռիսկեր ստեղծում թանգարանների կառավարման ու պահպանության որակի համար: Խնդրի հանգուցալուծման նպատակով արդեն իսկ մշակվել և հաստատվել է ատեստավորման նոր կարգը, որը ենթադրում է մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգում գրավոր ու բանավոր փուլերով:
Գործընթացը կմեկնարկի հուլիսին, և այն հաջողությամբ հաղթահարած աշխատակիցները կստանան համապատասխան հավելավճարներ: Նախատեսվում է, որ ութ պաշտոնային խմբերում ընդգրկված մասնագետների միջին ամսական աշխատավարձը կկազմի շուրջ 200 հազար դրամ: Որպես լրացուցիչ սոցիալական երաշխիք՝ ատեստավորված աշխատակիցների մեծամասնությունը հնարավորություն կստանա օգտվել նաև առողջության ապահովագրության փաթեթից: Հաջորդիվ նախատեսվում է համանման մեխանիզմ ներդնել նաև գրադարանային համակարգում: