24.11.2024
Ահմադինեժադն Իրանի նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի սատարի
prev Նախորդ նորություն

Մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը. օրակարգում` Թուրքիայի հանրաքվեն ու կոռուպցիոն սկանդալները

Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որի ուշադրության կենտրոնում կլինի «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» զեկույցի քննարկումը: Զեկույցը կքննարկվի ապրիլի 25-ին։


Քննադատական այս զեկույցում ասվում է, որ մոնիթորինգի հանձնաժողովը մտահոգված է երկրում արտակարգ իրավիճակի շարունակմամբ, խորհրդարանականների ու լրագրողների ձերբակալմամբ, խոսքի ու ԶԼՄ-ների ազատության կրկնվող խախտումներով։ Կոմիտեն առավել ևս մտահոգություն է հայտնում անցկացված սահմանադրական փոփոխություների առումով։ Թուրքիայում տեղի ունեցող այս ողջ բացասական զարգացումների լույսի ներքո կոչ է արվում ԵԽԽՎ-ին՝ Թուրքիային հետ-մոնիտորինգային ընթացակարգից վերադարձնել մոնիտորինգի տակ, ինչն իսկապես հետընթաց կլինի Թուրքիայի համար։


Վեհաժողովի գարնանային  նստաշրջանում կննարկվի նաև ԵԽԽՎ պատգամավորներին ուղղված կոռուպցիայի մեղադրանքները` այս խնդիրը քննարկվելու է Բյուրոյի նիստում։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը VERELQ-ի հետ զրույցում նշեց, որ կոռուպցիոն սկանդալներն առանձնահատուկ ուշադրության են արժանանալու առաջիկա օրերին, քանի որ դրանք շարունակում են ցնցել Եվրոպայի խորհուրդը: Նա հիշեցրեց, որ դրանցից մեկը Լուկա Վոլոնտեի գործի հետ կապված զարգացումներն են, որոնք դեռ ընթացքի մեջ են, թեև դրանց վերաբերյալ ԵԽԽՎ-ն արդեն իսկ որոշումներ էր կայացրել նախորդ նստաշրջանի ժամանակ.


«Եվրոպայի խորհրդի մի շարք ազգային պատվիրակություններ և քաղաքական խմբեր շատ լուրջ վերաբերմունք ՝ հետևողականություն և հաստատակամություն են արտահայտում, այդ խնդիրները դիտարկելով որպես Եվրոպայի խորհրդի պատվի և վստահության խնդիր: Այս ամենին վերջին շաբաթների ընթացքում ավելանում է նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի անվան հետ կապված ևս մեկ սկանդալ՝ կոռուպցիոն մեղադրանքի տեսքով, որը, բնականաբար, գլխավոր թեմա է լինելու ԵԺԿ քաղաքական խմբում և արծարծվելու է նաև լիագումար քննարկումների ժամանակ: Սա իսկապես աննախադեպ իրավիճակ է Եվրոպայի խորհրդում և վեհաժողովում, երբ կազմակերպության ղեկավարի՝ ամենաբարձր դիրքում կանգնած անձնավորության հասցեին հնչեցվում են նման մեղադրանքներ և դրսևվորվում խորը անվստահություն: Այդ առումով ԵԺԿ քաղաքական կուսակցությունների խումբը և ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցությունը շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնած, նման քաղաքական ճգնաժամը լրջագույն փորձություն է և խումբը չի կարող դա շրջանցել, այլ պարտադրված է լինելու ինչ-որ որոշում կայացնելու և ելք գտնելու այդ փակուղուց, մանավանդ, որ արդեն իսկ մի շարք պատվիրակությունների կողմից տարբեր նախաձեռնություններ են շրջանառվում»,- նշեց Նաղդալյանը:


Հիշեցնենք, VERELQ-ը օրերս տեղեկացրել էր, որ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականին հայտնի է դարձել, որ նավթով հարուստ Ադրբեջանը փորձել է կաշառել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին՝ ապահովելու համար քվեարկության ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատող զեկույցների դեմ ձայները։ ԵԽԽՎ գործունեությանը ծանոթ բարձրաստիճան 2 պաշտոնյա The Guardian-ին հայտնել էր, որ իրենք կարծում են, որ Ադրբեջանը կառույցի անդամներին կաշառք է առաջարկել քվեարկության համար:


Ադրբեջանցի դիվանագետ, այլախոհ Արիֆ Մամադովը պնդում է, որ Եվրոպայի խորհրդում երկրի պատվիրակության անդամը 30 միլիոն եվրոյի ծախսեր պետք է կատարեր դրա կառույցներում՝ այդ թվում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբբինգի համար: