ԵԽ նախագահ. Եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը՝ կզրկվի ԵՄ-ից
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին «մտահոգված է» Թուրքիայում անցկացված հանրաքվեի մասին ԵԱՀԿ դիտորդների ներկայացրած առաջին զեկույցից, որում ասվում է կողմերի հավասարության բացակայության ու այն մասին, որ հանրաքվեի դրված հարցերը պատշաճ ձևով չէին լուսաբանվել։
Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում քաղաքական գործիչը հայտնել է, որ եթե այդ մեղադրանքները հաստատվեն, ապա «պետք է բավականին ծանրակշիռ նախազգուշական ազդանշան ուղարկեն, և Եվրախորհրդարանը պատրաստ է անել դա Թուրքիայի մասին քննարկումների ժամանակ, որոնք ծրագրված են ապրիլի 26-ին»։
Տայանին շեշտել է՝ եթե Թուրքիան «ուզում է մնալ ԵՄ անդամակցության թեկնածու, մենք չենք կարող չպնդել, որ Անկարան հետևի Կոպենհագենյան չափանիշներին, այսինքն պահպանի իշխանական ճյուղերի հավասարակշռությունը»:
«Մենք պետք է պաշտպանենք մեր սկզբունքներն ու արժեքները, որոնց պահպանումը պահանջում ենք թեկնածու երկրից, բայց և վերջնականապես չփակենք դուռը: Դա Եվրոպայի համար հավասարազոր կլիներ սեփական դարպասներին գոլ խփելուն։ Մենք պետք է նկատի ունենանք նաև այն, որ երկրի կեսը հանրաքվեի ժամանակ չի պաշտպանել այդ բարեփոխումը»,- ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան պետք է մնա ԵՄ զրուցակիցը, ու Եվրոպան պետք է այսուհետ էլ կատարի միջնորդի դեր երկրի երկու կեսերի՝ Էրդողանի կողմնակիցների ու հակառակորդների միջև»։
Ինչ վերաբերում է մահապատիժը վերականգնելու հարցով հանրավքե անցկացնելու՝ Թուրքիայի ծրագրերին, իտալացի քաղաքական գործիչը շեշտել է․ «Մահապատիժը Թուրքիային կտաներ հետ՝ դեպի 2004 թ, երբ այն չեղարկվել է ու կլիներ կարմիր գիծ Եվրոպայի համար՝ միակ մայրցամաքի, որտեղ մահապատիժ գոյություն չունի»։
«Եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ուրեմն նա կհրաժարվի ԵՄ կազմում ընդգրկվելու հեռանկարներից»,- ասել է Տայանին՝ հավելելով, որ Եվրոպայի հետ խզումը «լավ չէ նախևառաջ Թուրքիայի համար»։
«Երկխոսությունը նրա շահերից էլ է բխում, բավական է հիշել առևտրային համաձայնեգրերը, որոնք գործում են մեր միջև: Ընդհանուր առմամբ Եվրոպան պետք է վճռականություն դրսևորի ավտորիտար սցենարի վտանգի առջև, բայց մենք չենք կարող հրաժարվել երկխոսությունից կամ մոռանալ, որ մեզ միավորում են միգրանտների խնդիրը, ահաբեկչության դեմ պայքարն ու բիզնեսը։ Այս երեք թեման այսօրվա դրությամբ առանցքային են մեր մայրցամաքի ու Թուրքիայի համար»,- ամփոփել է Տայանին։