3.04.2026
Այսօր Ավագ Ուրբաթ է
prev Նախորդ նորություն

Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. «Հետք»

Հայաստանն այս պահին ավելի քան 14 միլիարդ դոլարի պետական պարտք ունի: 2018 թվականից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը եւ կառավարություն ձեւավորեց, պետական պարտքը կրկնապատկվել է, գրում է «Հետքը»։


Պետական պարտքն իշխանություն-ընդդիմություն բանավեճի մշտական թեմաներից է։


Քանի որ պետական բյուջեի ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, այսինքն՝ քաղաքացիներից ու բիզնեսներից հավաքվող հարկերը, պետությունը պարտք է վերցնում, որ կարողանա ամբողջությամբ կատարել տվյալ տարվա ծախսը։


Այդպես, տարիներ շարունակ գոյացել ու ծանրացել է Հայաստանի պետական պարտքը։


Պարտքն աճել է ոչ միայն այս, այլև՝ նախկին իշխանությունների օրոք։ Տնտեսական շոկերի ժամանակ Հայաստանն ավելի շատ է հույսը դրել պարտքի վրա։ Այդպես եղավ նաև 2020 թվականին, երբ համավարակի ու արցախյան պատերազմի պայմաններում տնտեսությունը գահավիժեց, բյուջե քիչ փող մտավ։


«Լավ, չէինք ուզում ասել, էդ էլ ասենք։ Զենք ենք առել։ Զենք ենք ա-ռել։ Պարտքով ենք զենք առել, որովհետև շատ ա պետք եղել ու միանգամից։ … Եկեք տանենք ցույց տանք»,- 2025 թվականի նոյեմբերի 13-ին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցերին, թե ինչու՞ է մեծացել պետական պարտքը։


Ըստ նրա՝ դրա վրա ազդել է նաև 2020 թվականի համավարակը. «Բա չգիտե՞ք, որ Կովիդ ա եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը Կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»։


Սակայն, պարտքը աճել է ոչ միայն պատերազմի ու համավարակի ժամանակ, այլև՝ հետագա տարիներին։ Նույնիսկ 2022-ին և դրան հաջորդող տարիներին, երբ Հայաստանը դարձավ տարանցիկ երկիր Արևմուտքի ու Ռուսաստանի առևտրի համար ու բարձր տնտեսական աճ գրանցեց, ՌԴ-ից հազարավոր տեղափոխվածների ընդունեց ու ճանապարհեց։


«Ընդհանուր տրամաբանությունը այսպիսին է՝ մենք պարտք ենք վերցնում, որպեսզի ներդրում կատարենք մեր ապագա զարգացման մեջ, որպեսզի հետագայում կարողանանք ավելացնել մեր եկամուտներն ավելի արագ, քան պարտքի հետ կապված ծախսերն են, քան պարտքը ինքնին»,- «Հետք»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։


Արդյոք Հայաստանը պարտքն ուղղել է զենքին ու քովիդը հաղթահարելուն, արդյոք պարտքի բեռը նվազել է, ինչպես հայտարարում են իշխանությունները։


Մեդալի երկու կողմում տարբեր թվեր են ու տարբեր մեկնաբանություններ


Հայաստանի պետական պարտքը ներքին ու արտաքին պարտքերի հանրագումարն է։


Այս տարվա հունվարի վերջի դրությամբ՝ Հայաստանի ընդհանուր պարտքի գրեթե կեսը արտաքին պարտքն է՝ 7.2 մլրդ դոլար, որից 6.7 մլրդ դոլարը կառավարության պարտքն է, մնացածը՝ ՀՀ կենտրոնական բանկինը։


Կառավարության արտաքին պարտքը մեծ մասամբ այն վարկերն են, որոնք Հայաստանը վերցնում է միջազգային կազմակերպություններից ու տարբեր երկրներից, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Ֆրանսիան, Ռուսաստանը և այլն։


Իսկ ներքին պարտքը այս պահին 7.4 մլրդ դոլար է կամ 2.8 տրիլիոն դրամ: Այդ գումարը պետությունը պարտք է քաղաքացիներին և իրավավաբական անձանց։ Նրանք պետական պարտատոմսեր են գնել, այսինքն՝ պարտք են տվել պետությանը՝ որոշ ժամանակ անց դրանք հավելյալ տոկոսներով հետ ստանալու պայմանով։


Կարևոր է նշել, որ պետական պարտքի ոչ մեծ հատվածը Կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ Կառավարության պարտքը։ Ֆինանսների նախարարությունը որոշել է Կենտրոնական բանկի պարտքը առանձնացնել և չներառել պետական պարտքի մեջ՝ ներկայացնելով դա որպես միջազգայնորեն ընդունված չափանիշ։ Իսկ իրականում, այդպես հաշվարկելով, պետական պարտքի չափը նվազում է։


Բայց քանի որ մինչ այդ Կենտրոնական բանկի պարտքը մշտապես հաշվարկվել է պետական պարտքի մեջ, մեր ներկայացրած գրաֆիկում այն ևս ներառված է։ Նույնիսկ, չներառելու դեպքում, պարտքի աճը չի մեղմանում։


Վերջին տարիներին ներքին պարտքը շատ ավելի արագ է աճում։ Պետությունը որոշել է, որ այդպես ավելի ապահով է. այն տրվում ու մարվում է հայկական դրամով և զերծ է արտարժույթի տատանումների ռիսկից։


2018-ից ի վեր ներքին պարտքն ավելացել է 6 մլրդ դոլարով, արտաքին պարտքը՝ 1.5 մլրդ դոլարով։


Մանիպուլյացիա՝ թերի տեղեկություններով. պարտքի բեռը չի նվազել


Իշխանությունները փորձում են փարատել ժողովրդի անհանգստությունը պետական պարտքի առնչությամբ ։


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այդ նպատակով նույնիսկ թերի տեղեկություններ է օգտագործում։


«Վերջերս շատ եմ ստանում նամակներ ձեզանից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս եղավ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար։ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ։ Արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է։ Եվ այն մարդիկ, որոնք տարածում են այդ 12 միլիարդ թիվը կամ տեղեկացված չեն, կամ միտումնավոր են անում, մանիպուլյացիայի ենթարկում»,- 2025 թվականի փետրվարին Պապոյանի այս հայտարարությունից հետո մասնագիտական հանրությունն ու լրատվամիջոցները շտապեցին արձագանքել։


Խոսելով միայն արտաքին պարտքի մասին՝ անգամ չհիշատակելով ներքին պարտքը, Պապոյանն, ըստ էության, ինքն է մոլորեցնում։


Մինչդեռ, ներքին պարտքը, ինչպես տեսանք, ոչ միայն չի զիջում արտաքին պարտքին, այլև՝ դրա սպասարկումն ավելի թանկ է։ Այսինքն՝ տոկոսներն ավելի բարձր են։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում է
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար