7.09.2026
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
prev Նախորդ նորություն

Մայր Աթոռը կոչ է անում վերականգնել «զավթված բոլոր եկեղեցիների» օրինական կարգավիճակը

Լուսանկարը` Հայոց պատմության ակումբ / Armenian history club
Լուսանկարը` Հայոց պատմության ակումբ / Armenian history club

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին խիստ մտահոգություն է հայտնում Հովհաննավանքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ մեղադրելով իշխանություններին կարգալույծ հոգևորականին հովանավորելու և պատմական սրբավայրը խնջույքների վայրի վերածելուն աչքաթող անելու մեջ:


Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության՝ վերջին շրջանում վանքապատկան տարածքում անցկացվում են սրբավայրին անհարիր միջոցառումներ, որոնք խաթարում են վանքի հոգևոր մթնոլորտը և լուրջ անհանգստություն պատճառում շրջակայքի բնակիչներին:


Այս հայտարարությանը նախորդել էին հայկական լրատվամիջոցների, մասնավորապես՝ «Իշխանություն» կայքի հրապարակումները: Հղում անելով Օհանավանի բնակիչների ահազանգերին և տրամադրված տեսանյութերին՝ աղբյուրը հայտնել էր, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է յուրօրինակ «բիզնես կենտրոնի»: Ըստ բնակիչների՝ վանքի տարածքում տեղադրվում են վրաններ, կազմակերպվում են կերուխումներ, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է անընդունելի, այդ թվում՝ ռուսական քրեական ենթամշակույթին բնորոշ երաժշտություն:


Էջմիածինն այս ամենը որակում է որպես օրենքի և Եկեղեցու իրավունքների կոպտագույն խախտում: «Այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության»,- ընդգծվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Մայր Աթոռը շեշտում է, որ Հովհաննավանքի բռնազավթումն ու ինքնիրավչությունը ոչ միայն վիրավորում են հավատացյալների բարեպաշտական զգացումները, այլև մոլորության մեջ են գցում այցելուներին՝ այնտեղ իրականացվող անվավեր ծեսերի միջոցով:


Արձանագրելով երևույթի անթույլատրելիությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում պետական մարմիններին վերջ դնել եկեղեցական կյանքին ուղղված պառակտիչ միջամտություններին և հրատապ կերպով վերականգնել զավթված բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը:

Լուսանկարը` parliament.am
Հաջորդ նորություն next
 Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
04.09.2026
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին