VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԱՍ գրուպի» «նախընտրական ժողովի» վերաբերյալ ձայնագրության շուրջ հասարակական-քաղաքական ակտիվ քննարկումները շարունակվում են: Դրանք առավելապես կենտրոնացած են ընտրական գործընթացի համատեքստում, եւ մարդիկ փորձում են հասկանալ, բացատրել, մեկնաբանել, թե ինչքանով է ձայնագրությունը վկայում ընտրական գործընթացի կեղծված լինելու մասին, ինչքանով է հիմք տալիս գործընթացը հայտարարելու անօրինական, չեղարկելու արդյունքը կամ թեկուզ մասնակի՝ միայն «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի մասով կասկածի տակ դնելու արդյունքը: Այսինքն՝ այստեղ նաեւ առաջանում է զուտ ներիշխանական շերտ, քանի որ եթե Արտակ Սարգսյանը վայր է դնում մանդատը, ապա այն կարծես թե հասնում է նույն ընտրատարածքում նրան հաջորդող ռեյտինգային մյուս թեկնածուին՝ Արթուր Գեւորգյանին: Այստեղ ինտրիգն այն է, որ Գեւորգյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան է: Վովա Գասպարյանը հայաստանյան ներիշխանական համակարգում վերջին մի քանի տարիներին զբաղեցնում է առանցքային դերակատարում: Ավելին՝ 2013 թվականի նախագահի ընտրությանը փաստացի հենց Գասպարյանն է «հանգցրել» հետընտրական հրդեհը՝ հայտնի «աղոթքի ուժով»:
Ընդհանրապես, եթե փորձենք դիտարկել ներքաղաքական զարգացումները՝ սկսած այդ ժամանակաշրջանից, ապա ակնհայտ է դառնում, որ ոստիկանապետ Գասպարյանն այդ առումով եղել է բացահայտ կամ ստվերային, սակայն հիմնական առանցքում՝ սկսած ներիշխանական հեղաշրջամն ինտրիգների խափանումից, մինչեւ 2015-ին «Էլեկտրիկ Երեւանի» դեպքեր եւ 2016 թվականի հուլիսը, ՊՊԾ գնդի գրավումը: Այդպիսով, վերջին հնգամյակում ոստիկանապետ Վովա Գասպարյանը եղել է իշխանության առանցքում, եւ նրա շուրջ ծավալվել են իսկապես հանգուցային զարգացումներ: Այդ իմաստով խիստ խորհրդանշական է հետընտրական ձայնագրային սկանդալում էլ Գասպարյանի ոչ ուղղակի, սակայն նկատելի «ներկայությունը»՝ որպես հեռակա «շահառու», որի փեսան կարող է հայտնվել խորհրդարանում, եթե ՍԱՍ-ի Արտակը ստիպված լինի վայր դնել մանդատը: Սակայն այստեղ, իհարկե, ամենաուշագրավ հարցն այն է, թե արդյոք դրանով չի՞ եզրափակվի Գասպարյան «առանցքի» դերակատարումը՝ փակելով անցնող հինգ տարին, քանի որ խորհրդարանի ընտրությունից հետո իրադարձությունները եւ ներիշխանական իրականությունն այլեւս թեւակոխում են նոր փուլ՝ նոր տրամաբանությամբ, ուժերի նոր հարաբերակցությամբ, որտեղ արդեն առանցքը Վովա Գասպարյանը չէ, կամ պարզապես ոստիկանապետի գործառույթը չէ առանցքայինը: Եվ ավելին՝ նա կարող է լինել նոր առանցքի ձեւավորմանը կամա թե ակամա խոչընդոտող հանգամանք՝ նկատի առնելով հնգամյա առանցքի դերում Գասպարյանի շուրջ ձեւավորված շահերի որոշակի համակարգը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը առաջիկայում հնարավոր է սեփական կուսակցությունը հիմնի։ Այժմ քննարկվում է 2 սցենար՝ Օհանյանը պահպանում է բարեկամական հարաբերություններ Օսկանյանի եւ Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բայց հիմնում է իր սեփական կուսակցությունը՝ ինքը լինելով նախագահ եւ ունենալով իր կողմնակիցները, որոնք, ինչպես վերեւում նշեցինք, այս ընթացքում Օհանյանին հրապարակավ սատարողների շարքերում չեն եղել։ Ամենայն հավանականությամբ, Օհանյանի կողքին կկանգնեն «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչները, որոնցից մի քանիսը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էին ՕՐՕ դաշինքից։
Երկրորդ տարբերակն էլ այն է, որ ՕՐՕ-ն դառնա կուսակցություն, նախագահն էլ լինի Սեյրան Օհանյանը։ Ինչպես հայտնի է, «Ժառանգության» եւ «Համախմբում» կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը մտորում են ակտիվ քաղաքականությունից դուրս գալու շուրջ՝ իրենց կուսակցությունները գուցե ոչ պաշտոնապես, բայց վստահելով Արմեն Մարտիրոսյանին, մյուսի դեպքում էլ՝ Ստեփան Մարգարյանին կամ Էլինար Վարդանյանին։ Եվ եթե Օհանյանը չհամաձայնի ՕՐՕ-ի նախագահ դառնալ, այն այդպես էլ չի դառնա կուսակցություն, եւ «Ժառանգությունն» ու «Համախմբումը» կշարունակեն առանձին գործունեությունը։ Բայց այն բանին, որ Օհանյանը ղեկավարի ՕՐՕ կուսակցությունը, կտրականապես դեմ են իր թիմակիցները եւ այս օրերին ակտիվ աշխատանք ու քննարկումներ են տանում Օհանյանին համոզելու սեփական, յուրայինների թիմով կուսակցություն ստեղծելու համար։ Ամենայն հավանականությամբ, հետընտրական թոհուբոհից հետո պաշտպանության նախկին նախարարը վերջնական որոշում կկայացնի՝ սկսո՞ւմ է «Своя игра», թե՞ ՕՐՕ-ի մնացորդների վրա հիմնված կուսակցության նախագահ կդառնա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ առնվազն երկու վարչական շրջանում խնդիր է ունենալու։ Մեկը Կենտրոն վարչական շրջանն է, որի ղեկավարը՝ Արա Սադոյանը Երեւանի նախկին քաղաքապետ եւ կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի մտերիմ՝ Ռուբեն Սադոյանի եղբայրն է, որը մշտապես Տարոն Մարգարյանի կողմից վատ աշխատանքի համար ենթարկվել է կշտամբանքի։ Գագիկ Բեգլարյանը կուսակցությանը հասկացրել է, որ ինքը չի կարող Տարոն Մարգարյանի օգտին արդյունավետ աշխատել։ Փոքր Կենտրոնում Տարոն Մարգարյանին կօգնի Գարեգին Նուշիկյանը, որը եղել է Տարոն Մարգարյանի հոր՝ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընկերը։ Կենտրոն վարչական շրջանի մյուս հատվածներում կաշխատեն քրեական հեղինակություններ՝ Պիստը, Ծիտը եւ այլ քրեականներ։ Ինչ վերաբերվում է Արաբկիրին, ապա այստեղ անցյալ տարվա մարտ ամսին ՀՅԴ-ից վարչական շրջանի ղեկավար դարձած Հովհաննես Վարդանյանը ընդգծված սառը հարաբերություն է ունեցել Տարոն Մարգարյանի հետ։ ՀՀԿ-ի հետ ՀՅԴ գործընկերային համաձայնագրի շրջանակներում Հովհաննես Վարդանյանը փոխարինեց Տարոն Մարգարյանի մտերիմ՝ Հրայր Անտոնյանին, որը հիմա Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, թեեւ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնը, այնուամենայնիվ գործուղվել է Արաբկիր՝ Տարոն Մարգարյանի համար անհրաժեշտ ձայներ ապահովելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` մանդատաբաշխման-պաշտոնաբաշխման գործընթացը հայոց մեջ հավերժական է, եւ քաղաքապետի ընտրություններով այն չի ավարտվելու: Սկսվելու է նոր «էքշըն»` «թաղապետեր» վերնագրով, որին արդեն իսկ շատերն են պատրաստվում: Բանն այն է, որ նոր քաղաքապետի ընտրությամբ թաղապետերը դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, ապա տեղի են ունենում նոր նշանակումներ: Մեր տեղեկություններով` դրան հատկապես պատրաստվում է մայր կուսակցության համար 42 հազար ձայն ապահոված, իր փեսա Կորյուն Նահապետյանին եւս պառլամենտ սահեցրած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը, որը ցանկանում է Մալաթիա-Սեբաստիայից բացի Շենգավիթի թաղապետի պաշտոնում նույնպես ունենալ իր մարդուն: Ընտրությունն իր երեք ֆավորիտների միջեւ է` Կադիլակ Սերոժի, Բելաջիոյի Սերգեյի զարմիկի (հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը՝ Լֆիկի եղբորորդին, Բելաջիոյի փեսան է) եւ գեներալ Սեյրան Սարոյանի ԱԺ խորհրդական Գեւորգ Ստեփանյանի միջեւ, որն այս ընտրություններում Ալեքսանյանների համար ձայներ է ապահովել Շենգավիթում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարին քրեական գործ հարուցվեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի դեմ։ Նրա մորաքրոջ որդին՝ Նժդեհ Բերբերյանը, փետրվարի 17-ին գրավոր հաղորդմամբ հայտնել էր ոստիկաններին, որ նախորդ օրն Արան իր ընկերոջ հետ առեւանգել է իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ, սպառնացել են՝ պահանջելով վերադարձնել իրենց պարտքը։ Բերբերյանն առցանց խաղադրույքներ է կատարել Արայի եւ նրա ընկերոջ գումարներով՝ մոտ 1 մլն․ 650 հազար դրամի։ Այժմ նրանք մեղադրվում են մարդու առեւանգման հոդվածով։ Դեպքի հաջորդ օրը լուր տարածվեց, որ Օսկանյանի կինը՝ Նանի Օսկանյանը, այցելել է տուժողին եւ գումար առաջարկել՝ բողոքը հետ վերցնելու համար։ Պրոգնոզներ հնչեցին, որ Օսկանյանի որդու գործը գրեթե փակված է։ Բայց մարդու առեւանգումը՝ ապօրինաբար ազատությունից զրկելը, ծանր հանցագործություն է, մասնավոր գանգատի գործ չէ, եւ միայն գանգատը հետ վերցնելով այն փակել հնարավոր չէ։ Քննչական կոմիտեից երեկ տեղեկացրին, որ նախաքննությունը շարունակվում է։ Նժդեհ Բերբերյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միայն հայտնեց, որ վարույթով, կարծես, նոր գործողություններ չեն արվել։ Չե՞ք կարծում, որ նախաքննությունը ձգվում է։ «Ոչ, քրեական վարույթի սովորական ընթացք է»,- ասաց նա»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀԿ ներքին «ռազբորկաներից» որոշ մանրամասներ հայտնի դարձան: Այն, որ ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը չի լինելու նոր խորհրդարանի նախագահ, արդեն իսկ պարզ է, բայց Սահակյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականում է, ինչը նշանակում է, որ ԱԺ ներկայիս նախագահը հնարավորություն ունի հարոջդ խորհրդարանում լինել պատգամավոր: Ըստ մեր տեղեկությունների՝ Գալուստ Սահակյանին շատ ջերմորեն ու հարգալից առաջարկվել է շարունակել մնալ ՀՀԿ-ի ավագների խորհրդի նախագահ եւ հրաժարվել իրեն հասանելիք մանդատից, պատճառաբանելով, որ Սահակյանը երկար տարիներ է Ազգային ժողովում է եւ այս անգամ կարող է իր տեղը զիջել ուրիշներին: Մանավանդ, որ որդին՝ Արման Սահակյանը, եւս պատրաստվում է դառնալ պատգամավոր: Այս փաստարկը եւս Սահակյանի առջեւ դրվել է եւ նկատվել, որ «տնից երկու պատգամավոր լինելը ճիշտ չէ»: Սակայն Սահակյանին համոզել չի հաջողվել, նա համառորեն պնդել է, որ ուզում է լինել 6-րդ գումարման ԱԺ-ում»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արտակ Սարգսյանը կպահպանի իր պատգամավորական մանդատը՝ չնայած սկանդալային հայտնի ձայնագրության հրապարակմանը: Հիշեցնենք, որ նրան պատկանող «ՍԱՍ գրուպ»-ում կազմակերպված նախընտրական ժողովի ժամանակ Ա. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը շանտաժով ու սպառնալիքներով ստիպել էր ընկերության աշխատակիցներին ձայներ բերել ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Այդ ժողովի ձայնագրությունը հրապարակվել էր hayastan24 կայքում, եւ հիմա գլխավոր դատախազի որոշմամբ ՀՔԾ-ում կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Ըստ «Ժողովուրդ» աղբյուրների՝ քանի որ կատարվածը հանցագործության տարրեր էր պարունակում, լավագույն դեպքում որոշում կկայացվի Արամ Սարգսյանի նկատմամբ սիմվոլիկ պատիժ հարուցել: Իսկ Արտակ Սարգսյանն անձամբ անպատիժ կմնա: Սա էլ, թերեւս, ունի իր պատճառները. Արտակ Սարգսյանը համարվում է Սերժ Սարգսյանի իշխանության ֆինանսական հիմնական աղբյուրներից մեկը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հետընտրական ակտիվ հանդիպումների մեջ է, միեւնույն ժամանակ, ինչպես երեւում է, նա վերջնականապես հույսը կտրել է քաղաքականություն վերադառնալու բոլոր փորձերից հետո: ԱԺ ընտրություններում նրա հավատարիմ մարդիկ ՕՐՕ դաշինքի հետ խայտառակ պարտություն կրեցին: Նա մի քանի յուրային ունի «Ծառուկյան» դաշինքում, սակայն այդ մարդիկ փոքրամասնություն են եւ չեն ազդում Ծառուկյանի որոշումների վրա։ Կորուստների շարքին է դասվում նաեւ Քոչարյանի գրասենյակի ֆինանսավորմամբ 2014-ից հաջողությամբ գործող լրատվամիջոցներից մեկը՝ Yerevan Today-ը, որը կամ ամբողջությամբ կփակվի կամ կշարունակի ձեւական գոյատեւել»։