Կայաստանի կառավարությունը հաստատեց ավելի քան 1 մլրդ դրամի սուբվենցիոն փաթեթը
Լուսանկարը` zarkerak.am
Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարունակում է մարզային ենթակառուցվածքների արդիականացման քաղաքականությունը։ Գործադիրի հերթական նիստում հավանության է արժանացել խոշոր ֆինանսական հատկացումը, որը կոչված է բարելավելու կյանքի որակը հանրապետության տասնյակ համայնքներում՝ լուծելով տարիներով կուտակված կենսական խնդիրները։
Նոյեմբերի 20-ին կայացած կառավարության նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով պետական բյուջեից 1 միլիարդ 59 միլիոն դրամ կուղղվի համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս որոշման շնորհիվ հնարավորություն կստեղծվի համաֆինանսավորել 20 համայնքում մեկնարկած 24 սուբվենցիոն ծրագրեր։
Ծրագրերի աշխարհագրությունն ընդգրկուն է և ներառում է հանրապետության գրեթե բոլոր մարզերը։ Ամենաշատ ծրագրերը՝ թվով հինգական, կիրականացվեն Արմավիրի և Տավուշի մարզերում։ Կոտայքի մարզում նախատեսվում է ավարտին հասցնել չորս, Լոռիում՝ երեք, իսկ Արարատի և Շիրակի մարզերում՝ երկուական ծրագիր։ Աշխատանքներ են նախատեսված նաև Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Նախարարը նաև փաստեց, որ այս հատկացումով 2025 թվականի համար պետական մասնաբաժնի ընդհանուր ֆինանսավորումը արդեն իսկ կազմում է 17 միլիարդ 52 միլիոն դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կատարվող աշխատանքների բովանդակությանը, թվարկեց ոլորտային հիմնական ուղղությունները։ Ֆինանսական միջոցները ծառայելու են գազատարների կառուցմանն ու փողոցների գազիֆիկացմանը, խմելու ջրի և կոյուղու ցանցերի անցկացմանը։
Ծրագրերի զգալի մասը վերաբերում է ճանապարհաշինությանը, մասնավորապես՝ համայնքային փողոցների ասֆալտապատմանն ու հիմնանորոգմանը։ Բացի այդ, գումարներ կուղղվեն լուսավորության ցանցերի արդիականացմանը, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը և մսուր-մանկապարտեզների կառուցմանը՝ էապես բարելավելով բնակիչների կենցաղային պայմանները։