30.03.2026
Լուսանկարը` tasnimnews
prev Նախորդ նորություն

Հարվածներ Իրանին. վնասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունն ու 131 հուշարձան

Լուսանկարը` armenpress.am
Լուսանկարը` armenpress.am

ԱՄՆ-ի և Իսրայելի լայնածավալ ռազմական հարվածներն Իրանի տարածքում հանգեցրել են ավելի քան հարյուր պատմամշակութային ժառանգության օբյեկտների, այդ թվում՝ աշխարհահռչակ Գոլեստանի պալատի լուրջ վնասմանը։ Իսլամական Հանրապետության իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են անում անհապաղ միջամտել՝ լիակատար ոչնչացման վտանգի տակ հայտնված եզակի հուշարձանները փրկելու համար։


Ինչպես փոխանցում է «Արմենպրես» գործակալությունը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, Իրանի մշակույթի նախարարությունը հրապարակել է հարձակումների հետևանքների վերաբերյալ թարմացված տվյալներ։ Կառավարության մամուլի ծառայության տեղեկություններով՝ տուժած պատմական օբյեկտների թիվը 114-ից հասել է 131-ի։ Գերատեսչությունում ընդգծում են, որ վնասվել են համաշխարհային, ազգային և տարածաշրջանային նշանակության հուշարձաններ: Իրանական կողմը հայտարարում է, որ սա վկայում է ավերածությունների ահագնացող մասշտաբների մասին և պահանջում է համաշխարհային հանրության հրատապ արձագանքը՝ հանուն մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման։


Մշակութային սրբավայրերից զատ, զգալի վնաս է հասցվել նաև զբոսաշրջային ենթակառուցվածքներին։ Երկրի տասը նահանգներում տուժել է 64 օբյեկտ, որոնց թվում են տարբեր հյուրանոցներ, տուրիստական գործակալություններ, կենցաղային սպասարկման համալիրներ և հանրային սննդի կետեր։


Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում թանգարանային ֆոնդերի վիճակին։ Հաղորդվում է երկրի ողջ տարածքում 50 թանգարանի վնասման մասին։ Ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Սաադաբադի պալատական համալիրի 14 շինություններին և աշխարհահռչակ Գոլեստան համալիրի յոթ օբյեկտներին հասցված վնասը։ Թեհրանի հնագույն ճարտարապետական անսամբլներից մեկը համարվող Գոլեստանը, որը 18-րդ դարի վերջից եղել է Ղաջարների արքայատոհմի նստավայրը, ներկայացնում է առանձնահատուկ պատմական արժեք և 2013 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։