19.03.2026
ԱՄՆ-ին անհանգստացնում է ոչ թե Ալիևի պահանջները Հայաստանից, այլ հնարավոր հանրաքվեն
prev Նախորդ նորություն

Հայաստանում «ինդուստրիա» է դառնում պաշտոնեական դատարկախոսությունը

Նոր ներդրումների արդյունքում առողջապահության ոլորտը Հայաստանում դարձնում ենք ինդուստրիա, կառավարության նիստում ասում է Նիկոլ Փաշինյանը:


Իրականում, Հայաստանում «ինդուստրիա» է դառնում պաշտոնեական դատարկախոսությունը: Այսինքն, օգտագործել ինչ որ բառակապակցություններ կամ ձեւակերպումներ, որոնք թողնում են «պաճուճավոր» խոսքի տպավորություն այն հանրային շերտերի վրա, որոնք առաջնորդվում են բառերով, այլ ոչ թե մտքերով:


Ինչպես ժամանակին դիպուկ բնորոշել է փիլիսոփան՝ մարդկանց մեծ մասը մտքեր չունի: Մտքերի փոխարեն նրանց գլխում բառեր են, որոնք ընկալվում են իբրեւ միտք: Եվ երբ գալիս է մի նոր բառ, մարդկանց թվում է, թե իրենց գլխում միտք է հայտնվել:


Հիմա, Նիկոլ Փաշինյանը փորձում է իր ընտրազանգվածի վրա բառերով թողնել մտքի տպավորություն:


Հայաստանում առողջապահությունը շատ վաղուց է վերածվել բիզնես պրոցեսի, ինչը իհարկե ունի իր թե լավ, թե վատ կողմերը: Բայց, ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որեւէ վաստակ չունի Հայաստանի առողջապահական համակարգի «ինդուստրիալիզացիայի» հարցում: Առողջապահական համապարփակ ապահովագրությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության վաստակը չէ, այլ Հայաստանի հարկատուների: Կառավարության վաստակը կլիներ մշակված ռեֆորմը, որը կապահովեր քաղաքացիների համար ոչ միայն առողջապահական ծառայությունների որոշակի մասի «ձրիություն», այլ առաջին հհերթին ծառայությունից օգտվելու հարմարավետություն: Իսկ դա նշանակում է հարմարավետություն նաեւ ծառայություն մատուցողի՝ բժշկի համար:


Գործնականում, ընդամենը տարեվերջին հապճեպ ընդունված օրենքը՝ ԱՀԱ մասին, պարզապես լուծում է հարկատուներից փող գանձելու եւ այդ միջոցով «անվճար» առողջապահության նախընտրական քարոզչական տպավորություն ստեղծելու մի փորձ, ապավինելով նրան, որ մարդիկ հենց բառերը կընկալեն իբրեւ միտք:


Որովհետեւ, կրկնեմ, ներդրված համակարգը չի ապահովում ծառայություն մատուցելու եւ ծառայություն ստանալու իսկապես մշակված հարմարավետ համակարգ, ինչին հնարավոր էր հասնել իրապես մշակված հայեցակարգի ներդրման պարագայում:


Բայց մարդիկ, ուժը, որ ի վիճակի չեն անգամ քաղաքային տրանսպորտի վճարման տարրական հարմարավետ համակարգ ներդնել, որ դրանից օգտվելու համար մարդը ստիպված չլինի կիսով չափ դառնալ տեխնոլոգիաների մասնագետ, բնականաբար ի վիճակի չեն լինելու հանրությանը ներկայացնել առողջապահության ապահովագրոության իսկապես հարմարավետ համակարգ: Դրա փոխարեն հանրության ականջները կլցնեն բառերով:


Հակոբ Բադալյան