19.03.2026
Ժամանակն է կատարել սկզբունքային ընտրություն
prev Նախորդ նորություն

ԱՄՆ հետախուզության «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցում անդրադարձ կա Հայաստանին

Մի քանի ժամ առաջ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը գաղտնազերծեց ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցը: Այնտեղ հատուկ տեղ է հատկացված Հայաստանին։


Ստորև տեղադրել ենք այդ հատվածի թարգմանությունը ամբողջությամբ․


«ԱՄՆ-ի հովանավորությամբ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված Խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն է ստեղծել, որպեսզի երկու երկրները հաստատեն տևական խաղաղություն և նպաստել է տարածաշրջանային կայունության աճին։ Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից էին խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնությունը և ԱՄՆ-ի կողմից կառավարվելիք «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP) ստեղծման ծրագրերը, որը Հայաստանի հարավով Ադրբեջանը կկապի իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու պետությունների և ամբողջ տարածաշրջանի համար։


• Այս զարգացումները նշանակալի փոփոխություն են ստեղծում հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղության մեջ։ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերականգնեց վերահսկողությունը իր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ, որը մինչ այդ գտնվում էր Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչության վերահսկողության ներքո։


• Օգոստոսի 8-ից ի վեր՝ երկու կողմերն էլ, ըստ երևույթին, պատրաստակամ են եղել պահպանելու Խաղաղության գագաթնաժողովից ստացված դրական ընթացքը։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի խախտումները կտրուկ նվազել են և այժմ գրեթե բացակայում են։ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերի ընթացքում փոխադարձեց այդ քայլը։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը Հայաստան է մատակարարել բենզին և թույլատրել է ցորենի տարանցիկ փոխադրումներ։


• Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող ձևակերպում։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքն երաշխավորված չէ»։


ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյան