Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ իր «լայվը» վերնագրելով. «Տիկտոկյան «Այվազովսկիյ» էջի օգտատիրոջ մասին»։
Նրա փոխանցմամբ՝ ինչ-որ կուսակցության նախագահ հաղորդում է ներկայացրել և նշել, որ վաղը կարող է ինքը լինել երկրի վարչապետ և իր համար անընդունելի է, երբ վարչապետին վիրավորում են։
«ՔԿ–ն առանց հապաղելու քաղաքացուն ձերբակալել է, նախաձեռնել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 297-րդ հովածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Այս պահին քաղաքացին արդեն երկու օր է, որ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, իսկ վաղն էլ պարզ կլինի այս միջին ծանրության արարքի համար ինչ դիրքորոշում է ցույց տալու Քննչական կոմիտեն, արդյոք քաղաքացուն ներկայացնելու է դատարան՝ կալանավորելու նպատակով և ինչ մոտեցում է ցուցաբերելու դատարանը։
Ես ստանձնել եմ քաղաքացու շահերի պաշտպանությունը, և կարծում եմ, որ սա նաև Սահմանադրական դատարանի հանրահայտ որոշման անտեսում է, որով հակասահմանադրական է ճանաչվել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատասխանատվություն էր նախատեսում պաշտոնատար անձանց հասցեին ծանր վիրավորանքներ հնչեցնելու համար»,- նշել է փաստաբանը։
Նրա խոսքով, սրանով Քննչական կոմիտեն քաղաքացիներին ենթարկում է քաղաքական ու քրեական հետապնդման. «Ամփոփ ասած, Հայկ Եղյանին կարելի է անվերապահորեն համալրել քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց ցուցակում և այս մասին պետք է հրապարակային խոսել, բարձրաձայնել։
Ես վստահ եմ, որ Հայկ Եղյանը այս պահի դրությամբ պետք է իր ձերբակալվածի կարգավիճակով հանդերձ համարվի քաղբանտարկյալ, որովհետև մարդը ընդամենը իր քաղաքական խոսքը կոշտ և կոպիտ արտահայտելու համար ենթարկվում է փաստացի քրեական հետապնդման»,– ընդգծեց Երիցյանը։
Նա տեղեկացրեց, որ այս գործով էլ զբաղվում է Վարդենիսի քննչականը. «Վաղը պարզ կլինի՝ այս միջին ծանրության ենթադրյալ արարքի համար քաղաքացուն տանում են դատարան կալանավորման նպատակով թե ոչ և ինչ մոտեցում է ցուցաբերում դատարանում»։