5.02.2026
Լուսանկարը` parliament.am
prev Նախորդ նորություն

Մարզերի 100 տարին լրացած բնակիչները 1 միլիոն դրամ աջակցություն կստանան

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել 1 միլիոն դրամի չափով միանվագ դրամական աջակցություն տրամադրել 100 և ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներին՝ նպատակ ունենալով վերացնել մայրաքաղաքի և մարզերի բնակիչների միջև առկա անհավասարությունը:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հինգշաբթի օրը՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ մինչ այս նմանատիպ արտոնություն գործում էր միայն Երևանում՝ ավագանու որոշմամբ, ինչը սոցիալական անարդարության հիմք էր հանդիսանում մարզաբնակների համար:


Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ այս պահին հանրապետությունում բնակվում է 100-ամյա շեմը հաղթահարած 71 քաղաքացի, որոնցից 42-ը բնակվում են մարզերում: Նոր կարգավորումն առաջնահերթ ուղղված է հենց մարզաբնակ այս խմբին, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հետագայում կդառնան 100 տարեկան:


Գործադիրի նիստից հետո Թորոսյանն ընդգծեց, որ պետությունը փորձում է արդարության չափաբաժին մտցնել սոցիալական աջակցության համակարգում՝ մաղթելով քաղաքացիներին երկարակեցություն՝ անկախ սահմանված դրամական խրախուսանքից:

Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել Հողային օրենսգրքում
Հաջորդ նորություն next