Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել Հողային օրենսգրքում
Նախագծով առաջարկվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում, որով սահմանված են քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերը, կատարել լրացում: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ քննարկման ներկայացնելով ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի նիստում:
Առաջարկվող լրացմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական եւ հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը, որոնք նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխմամբ պայմանավորված այլեւս չեն հանդիսանա 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր, կարող են օտարվել համայնքի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ հողամասը սույն հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլեւս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:
Զեկուցողը նշել է, որ կարգավորման արդյունքում այլեւս անհրաժեշտություն չի առաջանա յուրաքանչյուր կոնկրետ դեպքով Կառավարության այն որոշումներում, որոնցով նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին՝ նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխությամբ պայմանավորված, կատարել փոփոխություններ:
Օրենսգրքում նախատեսվող երկրորդ լրացմամբ էլ առաջարկվում է համապատասխան դրույթով սահմանված շենքերը եւ շինություններն օտարել համապատասխան հողամասի նպատակային կամ գործառնական նշանակությունը սահմանված կարգով փոփոխելուց հետո՝ սահմանված նորմերի պահպանմամբ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: