Համախմբվում ենք՝ փոխելու իշխանության որդեգրած հետագիծը. Դավիթ Անանյան
Լուսանկարը` 168.am
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը հայտարարել է ժողովրդի համախմբման և երկրի զարգացման ուղին սրբագրելու անհրաժեշտության մասին:
Արտաշատում նոր գրասենյակի բացման ժամանակ նա շեշտեց, որ նախաձեռնությունը համաձայն չէ գործող իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսի հետ և նպատակ ունի միավորել համակիրներին՝ Հայաստանը «ճիշտ իրականություն կառուցելու ռելսերի վրա» դնելու համար:
Անանյանի խոսքով՝ Արտաշատից մարզային գրասենյակների բացումը մեկնարկելը կրում է խորհրդանշական բնույթ՝ հաշվի առնելով քաղաքի հազարամյա պատմությունն ու մայրաքաղաքային կարգավիճակը: Նա նշեց, որ իրենց նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ քաղաքացիները կկարողանան միավորել իրենց ջանքերը՝ փոխելու երկրի ներկայիս վիճակը:
Ըստ քաղաքական գործչի՝ «Միասնության թևերն» այն շարժումն է, որը պետք է դառնա ժողովրդական համախմբման առանցքը՝ ընդդեմ սխալ ուղղության և հանուն ազգային շահերի վրա հիմնված ապագայի:
Նախաձեռնությանն իր աջակցությունը հայտնեց նաև «Շանթ» կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը, ով ընդգծեց սեփական երկրին ու պատմությանը տեր կանգնելու հրամայականը: Նա հիշեցրեց, որ Արտաշատի հատակագիծը գծվել է Հաննիբալի կողմից, և կոչ արեց քաղաքացիներին թույլ չտալ, որ օտարները որոշեն հայկական քաղաքների ու պետության ճակատագիրը:
Հարությունյանը վստահություն հայտնեց, որ համախմբված գործելու դեպքում հնարավոր կլինի վերականգնել Հայաստանի փառքն ու հպարտությունը՝ ներկայանալով աշխարհին որպես սեփական ապագան տնօրինող ինքնիշխան ժողովուրդ: