26.01.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

Կրիպտոոլորտի լիցենզավորումը Հայաստանում պարտադիր է դառնում հունվարի 31-ից

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող առաջին կանոնակարգերի փաթեթը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հունվարի 31-ից:


Այս քայլով մեկնարկում է թվային ակտիվների շուկայի լիարժեք իրավական կարգավորման գործընթացը, որը ներառում է ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորման, նվազագույն կապիտալի և ղեկավարների գրանցման խիստ պահանջներ: Այսուհետ իրավաբանական անձինք ՀՀ տարածքում կարող են գործունեություն ծավալել բացառապես ԿԲ գրանցման և թույլտվության առկայության դեպքում։


Նոր կանոնակարգերը սահմանում են ոչ միայն թույլտվությունների ստացման ընթացակարգը, այլև հստակեցնում են կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթերի բովանդակությունը: Լիցենզավորման գործընթացը ենթադրում է ներքին կանոնակարգերի առկայություն և կապիտալի համապատասխանություն, ինչը նպատակ ունի բարձրացնել ոլորտի վստահելիությունն ու նվազեցնել հնարավոր ֆինանսական ռիսկերը:


Կենտրոնական բանկը շեշտում է, որ ղեկավար անձնակազմի գրանցումը դառնում է պարտադիր պայման յուրաքանչյուր ընկերության համար, որը ցանկանում է օրինական դաշտում ծառայություններ մատուցել։


Այն ընկերությունները, որոնք արդեն իսկ գործում են շուկայում, ունեն մեկ տարի ժամանակ՝ մինչև 2027 թվականի հունվարի 31-ը, լիցենզավորման գործընթացն ավարտելու համար: Ժամկետի խախտման դեպքում նրանք ստիպված կլինեն դադարեցնել իրենց ծառայությունների մատուցումը:


Բացի այդ, կրիպտոակտիվների թողարկողների համար սահմանվել է եռամսյա ժամկետ՝ իրենց հրապարակային առաջարկների փաստաթղթերը նոր չափանիշներին համապատասխանեցնելու և Կենտրոնական բանկ ներկայացնելու համար, եթե տվյալ ակտիվները դեռևս գտնվում են շրջանառության մեջ։