26.01.2026
Լուսանկարը` 168.am
prev Նախորդ նորություն

5-րդ սերնդի բանակ և 20,000 պրոֆեսիոնալ. Խաչատրյանը՝ ռազմական բարեփոխումների մասին

Լուսանկարը` mil.am
Լուսանկարը` mil.am

Հայաստանն իրականացնում է զինված ուժերի համակարգային վերափոխում, որի նպատակն է ստեղծել «5-րդ սերնդի» պրոֆեսիոնալ և գիտահեն բանակ:


Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ նոր հայեցակարգի հիմքում ընկած է նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ու պատերազմավարման ժամանակակից մեթոդների ներդրումը, որոնք թույլ կտան դիմակայել տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին:


Բարեփոխումների առանցքային ուղղությունը պրոֆեսիոնալ զինծառայողների թվակազմի ավելացումն է, որը նախատեսվում է հասցնել ավելի քան 20,000-ի: Խաչատրյանի փոխանցմամբ՝ արդեն իսկ շուրջ 5,000 երիտասարդներ ժամկետային ծառայության առաջին վեց ամիսներից հետո անցել են հնգամյա պայմանագրային ծառայության: Նոր բանակի կառուցվածքում հատուկ տեղ են զբաղեցնելու հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնց տեսակարար կշիռը զգալիորեն աճելու է:


Այս ամենը հնարավոր է դարձել պաշտպանական բյուջեի եռապատկման շնորհիվ, ինչը նաև թույլ է տվել իրականացնել սահմանի երկայնքով աննախադեպ ամրաշինական աշխատանքներ՝ ապահովելով զինվորների առավելագույն անվտանգությունը:


Ստանդարտների առումով Հայաստանը որդեգրել է արևմտյան և ՆԱՏՕ-ի փորձի տեղայնացված «միքսը», որը հարմարեցված է տեղանքին և 44-օրյա պատերազմի դառը փորձին: Ֆրանսիայի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի հետ զարգացող ռազմավարական գործակցությանը զուգահեռ, երկիրը գրանցում է սեփական ռազմարդյունաբերության թռիչքաձև զարգացում: 2025 թվականին ոլորտի ձեռնարկությունների վճարած հարկերը կազմել են 14 միլիարդ դրամ՝ 2021-ի համեմատ աճելով չորս անգամ:


Պատգամավորն ընդգծեց, որ հայկական արտադրության ԱԹՍ-ներն ու արդիականացված հրետանային համակարգերն իրենց տեխնիկական լուծումներով երբեմն չունեն համաշխարհային անալոգներ և ունեն արտահանման մեծ պոտենցիալ: