ՀՀ-ն ու Վրաստանն ունեն չօգտագործված ներուժ. Միխեիլ Ջանելիձեն Երևանում է
11.04.2017
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով։ Մշտական ինտենսիվ երկխոսությունը հնարավորություն է ընձեռում քննարկելու երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, առաջ մղելու համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մեր ջանքերը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ բանակցությունների արդյունքներով:
Նրա խոսքով, թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը պարբերաբար կրկնում են, որ երկրների միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են։ «Մեր այսօրվա հանդիպումը ևս դրա ապացույցն էր։ Մեր փոխգործակցության կարևոր բաղադրիչն է տարածաշրջանում կայունության շուրջ շահագրգիռ երկխոսությունը»,- նշել է Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հանդիպմանը կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ տնտեսական համագործակցությունն առաջընթաց է արձանագրել, արդյունավետ գործունեություն է ծավալում համատեղ միջկառավարական հանձնաժողովը։ Քննարկվել են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Անդրադարձ է արվել երկրների միջև առկա ընդգրկուն իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, որն այսօր ներառում է ութ տասնյակից ավելի փաստաթղթեր։ Չեն անտեսվել նաև վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։
«Ես վրացի գործընկերոջս տեղեկացրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերի մասին։ Այս առումով մենք կարևորում ենք Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,- հավելել է Նալբանդյանը:
Իր հերթին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն նշել է, որՀայաստանն ու Վրաստանն ունեն չօգտագործված ներուժ, որը պետք է այս տարի օգտագործվի՝ ի շահ երկու երկրների: «Կարեւոր է տարանցիկ ներուժի օգտագործումը՝ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմամբ, այդ թվում՝ Սևծովյան նավահանգստի ենթակառուցվածքների օգտագործմամբ»,- ասել է նա: