24.11.2024
Ի՞նչ սպասել Երևանի համար պայքարից. «ԵԼՔ»-ի շանսերը և «Ծառուկայն» դաշինքի բացարկը
prev Նախորդ նորություն

Վարչապետը դժգոհ է. գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակը զարմացրել է Կարապետյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին զարմացնում է, թե ինչո՞ւ առ այսօր հսշվարկ չի արվել, թե ինչպես անել, որպեսզի սերմերի ներկրման առումով Հայաստանը դրսից կախվածությունը նվազեցվի: Վարչապետի խոսքով՝ անընդհատ ասվում է, որ պետք է ներմուծումը փոխարինել, բայց սա նաև նշանակում է, որ պետք է ուսումնասիրել, թե Հայաստանն ինչ է ներմուծում և դրա դիմաց ինչ է կարողանում անել:


«Ինչո՞ւ սերմերի ոլորտը չենք դիտարկում, եթե ունենք սելեկցիոն կայան: Եթե խոսում ենք արտահանումը ներքին արտադրանքով փոխարինելու մասին, ունենք մի բան, որը լավ է աշխատում, ուրեմն պետք է ընդլայնենք նրա գործունեությունը: Գյումրիի սելեկցիոն կայանի հիման վրա պետք է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, որը կարողանում է դառնալ նորմալ կոմերցիոն կառույց, որը զբաղվում է և սերմերի արտադրությամբ, և վաճառքով: Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել, ամեն տարի սուբսիդավորման համար ավելի մեծ միջոց չհատկացնել»,- գյուղատնտեսության նախարարությունում այսօր հայտարարել է Կարեն Կարապետյանը:


Խորհրդակցության ընթացքում վարչապետին, մասնավորապես, տեղեկացվել է, որ սերմերի ներկրման և մատակարարման գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է, դրանց մի մասը ձեռք է բերվել նաև Գյումրիի սելեկցիոն կայանից, որի սերմերի վաճառքի գինը շատ ավելի ցածր է: Ըստ այդմ, Կարապետյանը կարևորել է Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացումն ու գործունեության ընդլայնումը և հանձնարարել կարճ ժամանակահատվածում ներկայացնել համապատասխան ծրագիր:  

Հաջորդ խնդիրը, որ հուզում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին առնչվում է պարարտանյութի և դիզվառելիքի բաժանման գործընթացին: Տեղեկացվել է, որ գարնանացանի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով այդ գործընթացը արդեն սկսվել է՝ ֆինանսական բարձր կարգապահությամբ: Դիզվառելիքի տրամադրման հասցեականությունը բարձրացնելու ու նպատակային իրականացնելու արդյունքում կտնտեսվի 1,5 մլրդ դրամ: Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր միջոց ծախսելուց, որոշում կայացնելուց պետք է ունենալ կոշտ վերաբերմունք:

«Պետք է հասկանալ՝ ինչի՞ համար ենք ծախսում, ի՞նչ է լինելու արդյունքում: Յուրաքանչյուր ծախսին, յուրաքանչյուր որոշմանը պետք է հետևի թվային պատասխան: Ինձ պետք է թվով ներկայացնեք, թե ինչ ենք ստանալու արդյունքում: Այլ լուծում չի ընդունվելու: Վերլուծել, մոնիտորինգ և նմնատիպ բառերը պետք է օգտագործեք նվազագույնը, խոսում ենք լակոնիկ, գումարով, արդյունքով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 


Վարչապետին տեղեկացվել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում օրգանական պարարտանյութի արտադրության ուղղությամբ. փորձարկումները ցույց են տվել, որ այն ավելի արդյունավետ է, գինը շահավետ: Ներդրումային ծրագրի փաթեթը կներկայացվի կառավարություն:

Կարեն Կարապետյանին են ներկայացվել գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման, ինտենսիվ այգիների զարգացման, կարկտապաշտպան ցանցերի մատչելի պայմաններով ներկրման, լիզինգային պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագրերի իրականացման, գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ՝ կաթիլային համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախատեսվում է նաև գյուղատնտեսական հումքի մթերման համար մատչելի վարկերի տրամադրման պիլոտային ծրագիր, ինչի արդյունքում մթերող կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների միջև կկազմվի երաշխավորված պայմանագիր, իսկ գյուղացին մթերման գումարը կստանա մթերման պահին:

Ավարտելով իր խոսքը և  պահանջելով բոլոր ծրագրերն իրականացնել ժամանակին ու բարձր արդյունավետությամբ, վարչապետը հավելել է.


«Ի՞նչ եմ ակնկալում. պետք է առաջարկենք, ներդնենք մի բան, որը նորություն է, որը կարող է շահույթ բերել: Դուք պետք է ունենաք N հատ երջանկության բաղադրատոմս: Պետք է ներդնենք անհրաժեշտ գործիքակազմ, որը կբերի խնդիրների լուծման»,: