Հայաստանը թարմացնում է բնակֆոնդը. QR կոդեր շենքերի համար և նոր սեյսմիկ ստանդարտներ
Լուսանկարը` sputnik
Հայաստանի բազմաբնակարան շենքերի ճնշող մեծամասնությունը՝ 70-80%-ը, կառուցվել է մինչև 1980 թվականը և չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության արդի չափանիշներին:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նորակառույց շենքերը կազմում են ընդհանուր բնակֆոնդի ընդամենը 2%-ը, ինչը թելադրում է շինարարության տեմպերի կտրուկ ավելացման անհրաժեշտություն: Ըստ նրա՝ միայն ոլորտի ակտիվացումը թույլ կտա հասնել մի մակարդակի, որտեղ շենքերի առնվազն կեսը կլինի սեյսմակայուն և անվտանգ։
Ոլորտի թափանցիկության բարձրացման նպատակով ներդրվում է շենքերի թվային անձնագրավորման համակարգը: Շենքերի մուտքերի մոտ կտեղադրվեն հատուկ QR կոդեր, որոնք սկանավորելիս քաղաքացիները կկարողանան տեսնել տեխնիկական վիճակի, սեյսմակայունության և էներգաարդյունավետության վերաբերյալ ամբողջական տվյալները:
Այս նախաձեռնությունը, որն այժմ կամավորության սկզբունքով է գործում, շուտով կդառնա պարտադիր՝ ձևավորելով միասնական թվային ռեեստր, ինչը թույլ կտա գնորդներին և սեփականատերերին կայացնել առավել իրազեկված որոշումներ:
Բացի այդ, Քաղաքաշինության կոմիտեն խստացրել է շինհրապարակների կազմակերպման պահանջները՝ ուղղված փոշու նվազեցմանը և բնապահպանական նորմերի պահպանմանը, ներառյալ ներքին ճանապարհների բետոնապատումն ու փոշեզսպիչ սարքերի կիրառումը: Որակի վերահսկման նպատակով ներդրվել է կազմակերպությունների վարկանիշավորման ինքնաշխատ համակարգ, որը բացառում է մարդկային գործոնը և խրախուսում է բարեխիղճ կառուցապատողներին:
2026 թվականի ընթացքում նախատեսվում է նաև տեղայնացնել որակի ապահովման եվրոպական թվային հարթակը, որը թույլ կտա ինստիտուցիոնալ մակարդակով բացառել անորակ շինարարությունը Հայաստանում: