26.01.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

Երևանը կներդրի օդի որակի կանխատեսման և մոնիթորինգի թվային GIS համակարգ

Լուսանկարը` Factor.am
Լուսանկարը` Factor.am

Մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են պայքարել օդի սեզոնային աղտոտվածության դեմ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և կանխարգելիչ սահմանափակումներ:


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ քաղաքային ծառայությունները ներդնում են օդի որակի կառավարման նոր թվային գործիքներ, որոնք թույլ կտան նվազեցնել առողջապահական ռիսկերը մթնոլորտային անբարենպաստ պայմանների ժամանակ։


Օդի որակի վատթարացումը հիմնականում պայմանավորված է Երևանի աշխարհագրական դիրքով և նոյեմբերից սկսվող մթնոլորտային ինվերսիոն շերտի տատանումներով: Խնդիրը բարդանում է նաև անդրսահմանային արտանետումների պատճառով, քանի որ Հայաստանը հանդիսանում է «ռեցեպտոր երկիր» և կլանում է հարևան պետություններից եկող աղտոտվածությունը:


Քաղաքապետը շեշտեց, որ թեև հնարավոր չէ կառավարել արտաքին օդային հոսքերը, քաղաքը պետք է առավելագույնս վերահսկի ներքին արտանետումների մակարդակը։


Նոր նախաձեռնության շրջանակում 180 չափիչ սարքերի տվյալները կպրոյեկտվեն GIS քարտեզի վրա, որը հասանելի կլինի հանրությանը: Համակարգը հնարավորություն կտա կանխատեսել մթնոլորտային «առաստաղի» իջեցման օրերը և նախապես կիրառել սահմանափակումներ՝ նվազագույնի հասցնելով քաղաքային արտանետումները:


Այս տեխնոլոգիական լուծումը քաղաքացիներին թույլ կտա ավելի իրազեկված լինել օդի վիճակի մասին և պլանավորել դրսում անցկացվող ժամանակը՝ խուսափելով աղտոտվածության բացասական ազդեցությունից։