ԵՄ-ն կոշտ պատասխան է պատրաստում Թրամփի «գրենլանդական վերջնագրին»
Լուսանկարը` Yves Herman/REUTERS/REUTERS
Եվրոպական միությունը մշակում է հակազդման կոշտ մեխանիզմներ, ընդհուպ մինչև պատասխան մաքսատուրքերի սահմանում և ամերիկյան ընկերությունների գործունեության սահմանափակում, ի պատասխան Գրենլանդիայի հարցով Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքների։
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, Բրյուսելը մտադիր չէ անպատասխան թողնել եվրոպական ութ երկրների դեմ 10 տոկոսանոց սակագներ կիրառելու Վաշինգտոնի մտադրությունը, ինչը պայմանավորված է կղզու շուրջ ծագած տարածքային վեճով։
Ստեղծված իրավիճակը քննարկելու և միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան նախաձեռնել է ԵՄ անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողով, որը, ըստ նախնական տվյալների, կկայանա հունվարի 22-ին։ Եվրոպացի դիվանագետներն արդեն իսկ քննարկել են հնարավոր տնտեսական պատժամիջոցների փաթեթը, որը կարող է ներառել շուրջ 93 միլիարդ եվրոյի ամերիկյան ապրանքների՝ վիսկիի, ինքնաթիռների պահեստամասերի և գյուղմթերքի հարկումը։
Զուգահեռաբար, ԵՄ-ն կասեցրել է ԱՄՆ-ի հետ տրանսատլանտյան առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը։
Լարվածությունը սրվել էր այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը պահանջել էր հանձնել Գրենլանդիան՝ սպառնալով տնտեսական ճնշումներով այն երկրներին, որոնք ռազմական մասնագետներ էին ուղարկել կղզի՝ Դանիային աջակցելու համար։ Ամերիկյան կողմի ճնշումն արդեն տվել է առաջին արդյունքները. գերմանական զորախումբը լքել է Գրենլանդիան Բեռլինի հասցեին հնչած սպառնալիքներից անմիջապես հետո։