24.11.2024
Ադրբեջանական զինուժը դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1620 կրակոց
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը կկիսեն իշխանությունը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը։ Նա ոչ ոքի չի վստահում խմբակցության ղեկավարի պաշտոնը: Այստեղ, սակայն, լուրջ խնդիր է առաջ գալիս կապված Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ: Հայտնի է, որ նա այս տարիների ընթացքում պատգամավոր եղած ժամանակ գրեթե չի այցելել Ազգային ժողով: Սակայն խմբակցության ղեկավարը չի կարող առհասարակ չայցելել ԱԺ նիստերին, չներկայացնել խմբակցության դիրքորոշումը քննարկվող եւ քվեարկվող հարցերի շուրջ: Բացակայությունների հարցը կարող է անգամ վիճարկվել Սահմանադրական դատարանում: Ըստ ամենայնի, Ծառուկյանի հույսը Սերժ Սարգսյանի հետ հնարավոր պայմանավորվածությունն է, իսկ խմբակցության ղեկավարի գործառույթները, ըստ ամենայնի, կկատարի Նաիրա Զոհրաբյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի դեռեւս գործող նախագահ Գալուստ Սահակյանը հնարավոր է համարել, որ ԱԺ նոր նախագահ լինի Կարեն Կարապետյանը՝ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը: Կարեն Կարապետյանը 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո զբաղեցրել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը: Կարեն Կարապետյանը որոշ ժամանակ անց դարձավ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, այդ պաշտոնից հրաժարական ներկայացնելով 2011 թվականի աշնանը: Դրանից հետո Կարեն Կարապետյանը, ըստ էության, տեւական ժամանակ աննկատ էր՝ իհարկե 2012-ին դարձյալ ընտրվելով պատգամավոր: Նա համեմատաբար աննկատ եւ լուռ էր մինչեւ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալը, որից հետո Կարապետյանը բավական կոշտ քննադատության էր ենթարկում կառավարության գործողությունները:


Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո Կարապետյանների դերակատարումը կարծես թե շեշտակի աճել է, վարչապետի պաշտոնում է նշանակվել Կարեն Կարապետյանը՝ «Գազպրոմից», որը Սամվել Կարապետյանի հետ մտերիմ է եւ նաեւ բիզնես գործընկեր: Այդպիսով, եթե Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, իսկ Տաշիրից Կարեն Կարապետյանը ԱԺ նախագահ, ապա կստացվի, որ երկու այդ առանցքային դիրքերում Կարապետյաններն են ոչ միայն ազգանունի, այլ թիմային ընդհանրությամբ: Դա կնշանակի, որ Կարապետյանները զգալի ընդլայնում են իշխանության մեջ իրենց տարածքը: Իհարկե, դժվար է ասել, թե որն է խաղի առանցքը, հատկապես նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, որեւէ կերպ չի հայտնում վարչապետի պաշտոնը հանձնելու մտադրության մասին: Նա մշտապես բաց է թողնում այդ հարցը՝ չհերքելով ու չհաստատելով, թե կարող է հավակնել վարչապետի պաշտոնին: Դրան զուգահեռ, հարց է առաջանում, թե արդյոք Սամվել Կարապետյանը հենց դրա համար է ցանկանում ԱԺ նախագահի պաշտոնը Կարեն Կարապետյանի համար, որպես այսպես ասած երաշխիք՝ եթե Սերժ Սարգսյանը 2018-ից հետո ինքը գնա վարչապետի պաշտոնին, հեռացնելով Կարեն Կարապետյանին:


Թե՞ տեղի է ունենում պարզապես «ապրանքափոխանակում»: ԱԺ նախագահի պաշտոնն իհարկե ավելի շուտ խորհրդանշական պաշտոն է, քանի որ ի վերջո մեծամասնության քվեարկությամբ են կայացվում ԱԺ որոշումները, ընդունվում օրենքները: Օրինակ՝ ԱԺ նախագահ է եղել Տիգրան Թորոսյանը, ինչը ամենեւին չի նշանակել, թե նա ազդեցություն է ունեցել մեծամասնության վրա: Մյուս կողմից, Կարեն Կարապետյանը, իհարկե, Տիգրան Թորոսյան չէ, թե համակարգում իր այսպես ասած՝ քաղաքական, թե առավել եւս Սամվել Կարապետյանի ֆինանսական կշռով: Սակայն կան ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը, որոնք ՀՀԿ խմբակցությունում Կարապետյանի ազդեցության գոտում չգտնվող հատվածի հետ միասին, ըստ էության, կարող են կազմել ստվերային մեծամասնություն»:


«Իրատես» թերթը գրում է. «Ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը որոշեց իր «Երկիր ծիրանիի» հետ միայնակ մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը, և դա այն դեպքում, երբ «Ելքից» ևս ցուցակը ղեկավարելու առաջարկ էր ստացել։ Ավելին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա նախկին կուսակցականներին համոզում էր միանալ ոչ թե ՕՐՕ-ին, այլ «Ելքին»։ Ուրեմն ինչու հիմա նման առիթը բաց է թողնում, երբ նաև «Ելքը» խորհրդարանական ընտրություններում ապացուցեց, որ Երևանում լուրջ քվեներ ունի։ Ասել է՝ բոլոր հիմքերը կային, որպեսզի Զարուհի Փոստանջյանը միանար «Ելքին»։ Մինչդեռ կա այլ սցենար։ Մեր տեղեկություններով, Զարուհի Փոստանջյանին պետք է միայնակ «խաղի» մեջ մտցնել ու հասկանալ, թե իրականում որքան վարկանիշ ու քվե ունի։ Երևանի ավագանու ընտրությունները, փաստորեն, նրա համար ապագա գործունեության «տրամպլին» են լինելու և նախկին ակտիվ քաղաքական պայքարի յուրահատուկ գնահատական»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բավական վատ վիճակում է հայտնվել ՕՐՕ դաշինքը ղեկավարած Սեյրան Օհանյանը։ Նա իր պարտությունը դեռ չի կարողանում ընդունել, չգիտի` ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Ասում են` մասնավոր զրույցում նա արդեն խոստովանել է, որ սխալ հաշվարկներ է արել ու անհեռանկար քաղաքական ծրագրեր մշակել, մինչդեռ գեներալի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, չի պատրաստվում նահանջելու։ Ասում են նաեւ, թե նա պատրաստվում է հայտարարելու, որ իր դեմ ձեռնարկված մամուլի «արշավանքը» նախագահականի ձեռքի գործն է։ Հետաքրքիր է` Սեյրան Օհանյանը կկանգնեցնի՞ իր տիկնոջը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որը նաեւ խորհրդարանի ընտրություններին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թեկնածություն էր առաջադրել, կտեղափոխվի խորհրդարան, իսկ մարզպետ կնշանակվի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգայիններից ամենաշատ ձայներ ստացած Կարեն Բոթոյանը։ Ինքը՝ Բոթոյանը, մեր հարցին ի պատասխան ասաց, որ իրեն ոչինչ դեռ չի ասվել։ Իսկ գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց․ «Առայժմ ես նույն տեմպով աշխատում եմ, նման քննարկում տեղի չի ունեցել կուսակցությունում, կուսակցության ցանկացած որոշում ինձ համար ընդունելի կլինի»։ Ի դեպ, դեռեւս ընտրություններից առաջ տեղեկություններ կային, որ Գրիգորյանն իր ցանկությամբ չի առաջադրվել, կուսակցությունն է որոշել «օգտագործել» նրա շանսերը եւ ձայն հավաքել կուսակցության համար։ Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ի սկզբանե ցանկություն ունեցե՞լ է խորհրդարան տեղափոխվելու։ «Մեր նոր Սահմանադրությամբ՝ ոչ մեկն ինքնուրույն չէր կարող առաջադրվել, ես էլ պարտավոր էի համաձայնել, դուք էլ տեսաք, թե ինչպիսի ընտրություն տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում, արդյունքները բոլորի համար պարզ են»։ Հիշեցնենք, որ Կարեն Բոթոյանը Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերոժի փեսան է, ստացել է 14 հազար 932 քվե, գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ 14 հազար 430, իսկ Հակոբ Հակոբյանը (Թունելի)՝ 13 հազար 248 քվե»:


«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Թիվ 10 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը, ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակը, ինչպես հայտնի է, գլխավորում է օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի փեսան՝ Սամվել Սանամյանը, որն ստացել է 12 հազար 645 ձայն: Այս մարզում ֆավորիտների համբավ ունեցող նախկին նախարար Արամ Հարությունյանն ու ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը զբաղեցրել են 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Անդրանիկ Հարությունյանը՝ ստանալով 11 հազար 324 ձայն: Ո՞վ է նա. Հասարակական լայն շրջանակներում հաճախ հնչող այս հարցին անգամ կարկառուն ՀՀԿ-ականները պատասխան չունեն: Չեն ճանաչում ռեյտնիգայինի «սյուրպրիզին»: «ՉԻ» տեղեկություններով՝ Անդրանիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «մարդկանցից» է, այսինքն՝ նրա առաջադրման լոբբինգով վարչապետն է զբաղվել: Անդրանիկ Հարությունյանը «Գազպրոմ Արմենիա» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից է, եւ իր տարածքում նրան կնքել են «Գազի Անդո» տարբերակիչ մականվամբ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ներկուսակցական հետընտրական «ռազբորկաներ» են սկսվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական թեկնածուներն ամեն չստացած քվեի դիմաց պարզաբանում են պահանջում այդ տարածքում ընտրության պատասխանատուներից՝ միաժամանակ պահանջելով հետ վերադարձնել չստացված ձայների դիմաց վճարված ընտրակաշառքը: Ու հիմա այս գործընթացը գրեթե մասսայական բնույթ է կրում, մեծ իրարանցում է առաջացրել թաղային խուժանի մոտ, քանի որ հենց նրանք են եղել ընտրության պատասխանատուները, տասնապետերը: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ներկուսակցական սկանդալ է հասունանում մեկ այլ առումով. ձայների հաշվարկի ժամանակ ՀՀԿ-ական մի շարք թեկնածուների քվեաթերթիկներ դրվել են այդ տարածքում ՀՀԿ ուժեղ թեկնածուի անվան տակ: Ու քանի որ ընտրությունների արդյունքները բողոքարկողը եւ վերահաշվարկ պահանջողը կուսակցությունն է, ներքին որոշում է կայացվել` որեւէ դեպքում չգնալ այդ քայլին: Իսկ քիչ ձայն ստացած կամ ձայների նվազագույն տարբերությամբ պարտված թեկնածուների մեջ լուրջ դժգոհություն է հասունանում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դժգոհությունները մեղմելու համար Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչում թեկնածուներին` զրուցելու, հանգստացնելու համար. ոմանց պաշտոն է խոստանում, մյուսներին` մի կերպ պատգամավորի մանդատ, եւ այսպես շարունակ: Միայն թե դժգոհությունը հրապարակային բնույթ չկրի, ինչպես եղավ ՀՀԿ-ի կողմից առաջադրված գավառցի Տիգրան Արզաքանցյանի դեպքում, երբ հայտարարեց, թե «մարդիկ մտան կոռուպցիայի տակ» եւ իրեն չընտրեցին»: