Փաշինյանը որոշում է եպիսկոպոսների կյանքը. վարչապետը՝ գլխավոր աստվածաբան
Լուսանկարը` Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումներից անցել է եկեղեցական կանոնների ուղիղ խմբագրմանը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Եկեղեցու նորոգման իր անձնական «ճանապարհային քարտեզը»։
Ուղիղ եթերում գործադիրի ղեկավարը, ով ցուցադրաբար Կաթողիկոսին անվանում է «Կտրիչ Ներսիսյան», հայտարարել է հոգևորականների համար «բարեվարքության կանոններ» սահմանելու անհրաժեշտության մասին՝ պնդելով, թե ներկայումս հայտնի չէ, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի հոգևորականն իր առօրյա կյանքում։
Վարչապետի միջամտությունը հասել է ընդհուպ մինչև դավանաբանական հարցեր. նա պահանջել է հոգևոր դասից քննարկել եպիսկոպոսների կուսակրոնության ինստիտուտի պահպանման նպատակահարմարությունը և հստակեցնել դրա սահմանումները՝ ակնարկելով «զանազան մեկնաբանությունների» առկայությունը։
Փաշինյանի ծրագրի առանցքային կետերից է վերահսկողության հանրային մեխանիզմի ներդրումը. նա պահանջում է հստակեցնել, թե քաղաքացիները ո՞ր մարմնին պետք է ներկայացնեն փաստեր հոգևորականների վարքի վերաբերյալ և ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսված խախտումների համար։
Իշխանության և Եկեղեցու հակամարտությունը սկիզբ առավ 2020 թվականի պարտությունից հետո, երբ հոգևոր դասը պահանջեց կառավարության հրաժարականը։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը, որը մշտապես շեշտում է, թե հանդես է գալիս որպես «շարքային հավատացյալ», այցելում է միայն այն եկեղեցիները, որտեղ պատարագը մատուցվում է առանց Վեհափառի անունը հիշատակելու։
Սակայն այդ «շարքային հավատացյալի» այցերը միշտ ուղեկցվում են պետական ողջ ապարատով, ոստիկանական ուժերով և պաշտոնյաներով, իսկ այժմ նա որոշել է անձամբ զբաղվել նաև եկեղեցական կանոնադրության փոփոխությամբ։