ԵՄ-ի խոստացած գումարները կծախսվեն ընդդիմության դեմ. Գառնիկ Դանիելյան
Լուսանկարը` Sputnik
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի՝ Հայաստանի ընտրական գործընթացներին «օգնելու» պատրաստակամությունը Երևանում ընկալվել է որպես քաղաքական ճնշումների ֆինանսավորման խոստում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ի կողմից տրամադրվող գումարները ՀՀ իշխանություններն ուղղելու են բացառապես ընդդիմության վարկաբեկմանը։
Ըստ պատգամավորի՝ կառավարությունը փաստացի չի հերքում հիբրիդային պատերազմի վերաբերյալ եվրոպական թեզերը, սակայն, ի տարբերություն Կալասի, խուսափում է կոնկրետ մատնանշել «սպառնալիքի» աղբյուրը՝ նախընտրելով ստացված ռեսուրսները ծառայեցնել ներքին քաղաքական հաշվեհարդարներին։
Դանիելյանը զուգահեռներ է անցկացրել Մոլդովայի սցենարի հետ՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը բարձր էր գնահատել Մայա Սանդուի փորձը, որտեղ եվրոպական աջակցության քողի տակ արգելափակվել էին ընդդիմադիր կուսակցությունները և սահմանափակվել ՌԴ-ում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքը։ Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում այդ գումարները ծախսվում են ֆեյքերի ֆաբրիկաների և ապատեղեկատվության տարածման վրա, ինչն ակնհայտ էր նաև «Սրբազան պայքար» շարժման ժամանակ։
Ստեղծվել է ուշագրավ իրավիճակ. մինչ Կայա Կալասը պարբերաբար և առանց ապացույցների Ռուսաստանին մեղադրում է ապատեղեկատվական արշավների մեջ, հայկական կողմը զերծ է մնում նման ուղղակի և սուր հայտարարություններից։ Փոխարենը, օգտվելով Բրյուսելի կողմից հրամցվող «հիբրիդային վտանգի» նարատիվից, ըստ ընդդիմության, իշխանությունները եվրոպական ֆինանսավորումն օգտագործում են սեփական իշխանությունը ամրապնդելու և քաղաքական դաշտը մաքրելու նպատակով։