Իսրայելի դեսպան. Ալեքսանդր Լապշինը պահման պայմաններից չի դժգոհում
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն արգելափակված է Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում, պահման պայմաններից չի դժգոհում, հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը:
«Ալեքսանդր Լապշինը, որը նաեւ Իսրայելի անձնագիր ունի, պահման պայմաններից չի դժգոհում»,- haqqin.az-ի փոխանցմամբ հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Դան Ստավը:
Նրա խոսքով, Բաքվում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչը պարբերաբար հանդիպում է բլոգերին եւ հետաքրքրվում քննության ընթացքով:
Ռուսաստանի և Իսրայելի, Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի պահանջով, քանզի նա ներառված է այդ երկրի «սեւ ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար։ 2015-ին նա Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով այցելել է Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա՝ ուկրաինական անձնագրում նա գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: