11.12.2025
Լուսանկար՝ parliament.am
prev Նախորդ նորություն

Գերմանիայից Ռուսաստան Փաշինյանի այցը իսկապես արժանի է ուշադրության

Նիկոլ Փաշինյանը Համբուրգից մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելուէ ԵԱՏՄ միջկառավարական Խորհրդի նիստին: Այստեղ կա երկու հետաքրքիր հանգամանք: Նախ ինքնին այն, որ Գերմանիա պաշտոնական այցից հետո Փաշինյանը մեկնում է Մոսկվա:


Սա հարց է առաջացնում՝ արդյո՞ք Փաշինյանը Գերմանիայից որեւէ «մեսիջ» կարող է տանել Մոսկվա: Առաջին հայացքից կթվա, թե՝ ի՞նչ մեսիջ, չէ՞ որ Գերմանիան ու Ռուսաստանը կոնֆլիկտի հակադիր կողմերում են, իսկ Բեռլինից Մոսկվայի հասցեին հնչում են շատ կոշտ հայտարարություններ, անգամ՝ ՌԴ դեմ պատերազմի պատրաստվելու մասին խոսքեր:


Բայց, կարծում եմ ժամանակն է պատկերացնել, որ մեծ քաղաքականությունը միայն հրապարակային հայտարարությունները չեն: Համենայն դեպս, եթե իհարկե Գերմանիան չեն կառավարում այդ երկրի թշնամիներ կամ հակառակորդներ, Ռուսաստանի հետ հաղորդակցությունը պետք է դիտվի ողջախոհ, հատկապես այն պարագայում, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ՝ ներառյալ նաեւ Չինաստանն ու անգամ Հնդկաստանը, ներգրավված են ուղղակի, թե անուղղակի հարաբերությունների մի շրջանակում, որտեղ նաեւ որոշվում է Եվրոպայի համար ճակատագրական հարցեր:


Իսկ Եվրոպայում, եւ ըստ այդմ միջազգային հարցերում գերմանիայի դերակատարության աճը էապես պայմանավորված է նրանով, թե ինչ հարաբերության մեջ կլինի Գերմանիան Ռուսաստանի հետ: Անգելա Մերկելն, ի վերջո, իր կառավարման ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Գերմանիայի դերը հաջողել է էապես բարձրացնել նաեւ հենց այն հանգամանքի շնորհիվ, որ երկխոսություն էր ձեւավորել Պուտինի հետ:


Բնականաբար, ռուս-գերմանական երկխոսությունն իր համար բախտորոշ մարտահրավեր է դիտում Լոնդոնը: Ի դեպ, մի քանի օր առաջ Երեւանում էր Բրիտանիայի պաշտպանության հարցերի պետնախարարը, որը ռեգիոնալ առաջին այցով ժամանել է Երեւան եւ Բաքու, իսկ Հայաստանում նշանակվել է բրիտանական ռազմական կցորդ՝ առաջին անգամ:


Այս համատեքստում, Գերմանիայից Ռուսաստան այցը իսկապես արժանի է ուշադրության, որի երկրորդ ասպեկտն էլ այն է, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար, համենայն դեպս ըստ իր հայտարարության: Իսկ միջկառավարական խորհրդի նիստը՝ վարչապետների հավաքն է, որին, ի դեմ, Փաշինյանը միշտ չէ, որ մասնակցում է:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան