10.12.2025
«TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Оրենքի գերակայությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի հիմք է. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության ոլորտում» միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով:


«Խոսքիս մեկնարկին նախ կցանկանայի բոլորիս շնորհավորել Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:


Շուրջ 80 տարի առաջ՝ 1948 թ. այս օրը, ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն իրականում չհանդիսանալով իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ, իր մեջ խտացրել էր մարդու հիմնարար իրավունքների շուրջ կարևորագույն արձանագրումները, որոնք հետագայում պիտի հիմք հանդիսանային մարդու հիմնարար իրավունքներն ու ազատություններն ամրագրող առանցքային դաշնագրերի մշակման համար:


Կարևոր եմ համարում շեշտել, որ անկախությունից ի վեր մեր պետությունը միացել է մարդու իրավունքների դաշնագրային համակարգի գործիքների բացարձակ մեծամասնությանը և շարունակաբար կատարելագործում է դրանցով ստանձնած պարտավորությունների իրականացման համակարգերը:


Անկախությունից մեկ տասնամյակ հետո, դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ և զգալիորեն բարեփոխելով իր օրենսդրությունը, Հայաստանը գիտակցված ընտրություն կատարեց՝ շարժվել դեպի ժողովրդավարական կառավարման առավել հավակնոտ, հաշվետու ու թափանցիկ կառուցակարգերը, որոնք մեր քաղաքացիներին հնարավորություն են տալիս օգտվել միջազգային արդարադատության և, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործիքակազմից:


Ուրախ եմ արձանագրել, որ այսօր իրավունքահենք մոտեցումներն ու օրենքի գերակայությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների ծավալուն օրակարգի հիմք են և ոլորտային քաղաքականության առաջնայնությունը:


Երախտիքիս խոսքերն ուղղելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ համաժողովը կազմակերպելու համար, առանձնակի հպարտությամբ կցանկանայի շեշտել, որ ՀՀ ՄԻՊ հաստատությունը ՄԱԿ-ի «Փարիզյան սկզբունքների» չափանիշներով տարիներ շարունակ արժանանում է ամենաբարձր՝ «Ա» կարգավիճակին, ինչը մեր պետության ժողովրդավարության անշեղ ուղու վկայությունն է:


Պետք է նշեմ, որ համաժողովի համար ընտրված է բազմաշերտ ու բարդ թեմա: Իրավահավասարության ապահովումն ու խտրականության բացառումը ոչ միայն պետության պարտավորությունն են ու մեր Սահմանադրության հիմքերից մեկը, այլև մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի նվազագույն պահանջը, առանց որի հնարավոր չէ կառուցել խաղաղ ու արդար հասարակություն: Կարծում եմ՝ նաև միջազգային քաղաքական դիսկուրսում գերակշռում է այն համոզմունքը, որ անհատների և պաշտպանված խմբերի, այդ թվում՝ ազգային, էթնիկ, կրոնական, լեզվական փոքրամասնությունների, բնիկ ժողովուրդների, փախստականների և մի շարք խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը, դրանց նկատմամբ ատելության խոսքի և հանցանքների վաղ բացահայտումն ու արձագանքն ի զորու են ապագայում առավել լուրջ հակամարտությունների և նույնիսկ պատերազմների կանխարգելման երաշխիք լինել:


Հատկանշական է, որ դեռևս 1947 թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախագծման և ընդունման գործում մեծ դեր են խաղացել կին գործիչները: Այն համոզմանն եմ, որ իրավահավասար պետության և հասարակության պարտադիր նախապայմաններից մեկը կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացումն է, ոչ միայն օրենքների և կարգավորումների, այլև սովորույթների և մշակութային ընկալումների մակարդակում:


Միջազգային համաժողովը մեկտեղել է պետական գործիչների, դիվանագետների, ոլորտի հայաստանյան և արտերկրյա փորձագետների հեղինակավոր խումբ, որոնք սեղմ ժամկետում պետք է քննարկեն կայուն ժողովրդավարության հիմքերի, որոշող մեծամասնության և պաշտպանված փոքրամասնության իրավական և էթիկական, մշակութային բաղադրիչների հայեցակարգային խնդիրները»: