10.12.2025
Անձրև, ձյուն և մառախուղ. ակտիվ ցիկլոնը պատել է Հայաստանը
prev Նախորդ նորություն

Մեկնարկում է միասնական քննությունների հայտագրման գործընթացը

Դեկտեմբերի 15-ից մեկնարկում է 2025-2026 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2026 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:


Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում դեկտեմբերի 15-ից 30-ը։


Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:


Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2025-2026 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:


Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև՝


• 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,


• անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները,


• ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։


Միասնական քննությունների վճարից ազատվում են`


• պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,


• 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,


• ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,


• առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:


Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:


Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն: