Վարչապետը սպասում է յուրաքանչյուր մարզից երկու-երեք «չեմպիոն» ծրագրերի
Արդեն մեկ ամիս է, ինչ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ստեղծվել է վերլուծական կենտրոն, որի նպատակն է իրականացնել համայնքներում ֆինանսական գործունեության վերլուծություն, մոդելավորում, համեմատություն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այնուհետ նա հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին մեկ շաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը և կառավարության աշխատակազմում կազմակերպել քննարկում: Խոսքը, պարզաբանեց նա, յուրաքանչյուր մարզից երկու-երեք «չեմպիոն» ծրագրերի մասին է, որոնք կքննարկվեն խորհրդակցության ժամանակ:
Բացի այս, Կարեն Կարապետյանը հորդորեց մեկ շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջին վերլուծական նյութը համայնքային ենթակայության տակ գտնող մանկապարտեզների ֆինանսական գործունեության ուսումնասիրության արդյունքների մասին, իսկ երեք շաբաթյա ժամկետում՝ համայնքային ենթակայության տակ գտնվող դպրոցների ֆինանսավորման գործունեության, մարզերում աղբահանության և սանմաքրման ոլորտի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները: