23.11.2024
ՌԴ–ն Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելով ընկել է ահաբեկիչների հարվածի տակ. Փորձագետ
prev Նախորդ նորություն

Սիրիան մեղադրել է Թուրքիային տարածքների զավթման մեջ

Թուրքիան միակողմանի կարգով դեպի Սիրիայի խորք է տեղափոխել պետական սահմանագիծը Աֆրին գետի շրջանում՝ ըստ էության զավթելով սիրիական տարածքներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը:

«Թուրքիան օգտվել է Աֆրին գետի ցամաքումից Ժենդերիս քաղաքից դեպի հարավ-արևմուտք և տեղափոխել է սահմանը նշող փշալարերը դեպի Սիրիայի տարածքի խորքը, կարծես դրանք արդեն թուրքական հողեր լինեն: Այդպիսով տեղի է ունենում սիրիական հողերի զավթում»,-ասել է Հադդադը: Նա հավելել է, որ Սիրիան այդպիսի գործողությունները համարում է երկրի ինքնիշխանության խախտում:

Անկարան, ըստ նրա, գրավել է Քիրբաթ և Աթմա շրջանները Իդլիբ գավառում: Թուրքական զորքերը նաև Լաթաքիայի մի քանի գյուղ են գրավել, իսկ Դիրքադիշ շրջանում գրավել են Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող բարձունքը: Զինվորականները սկսում են պատ կառուցել, որը կտարանջատի իրենց գրաված հողերը սիրիական տարածքից, ասել է դեսպանը:

Դիվանագետը հավելել է, որ Թուրքիայի հայտարարությունը «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին, հակասում է նրան, ինչ կատարվում է: Նա հավելել է, որ եթե Թուրքիան չդադարեցնի իր գործողությունները Սիրիայի հյուսիսում, Դամասկոսն իրավասու է ագրեսիային պատասխանել ցանկացած ձևով:

Դեսպանն ասել է նաև, որ Անկարան Սիրիայում 2 նոր ահաբեկչական խմբավորում է ստեղծում, որին անդամակցում են ԻՊ և «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները:

Դամասկոսը պահանջում է միջազգային հանրությունից ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս կասեցնի իր գործողությունները Սիրիայի հյուսիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սիրիական կողմն արդեն բարձրացրել է հարցը ՄԱԿ Անվտանգության խորհրդում: