Դամասկոսը Թուրքիայի նոր գործողությունը Սիրիայում օկուպացիա է որակում
Սիրիայի դեմ նոր գործողություն սկսելու Անկարայի պլանները, ինչպես նաև թուրքական զորքերի ներկայությունը Սիրիայում, Դամասկոսն աղաղակող ագրեսիա է համարում Սիրիայի դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան, ավարտելով «Եփրատի վահան» գործողությունը, նոր գործություն է պատրաստում Սիրիայում:
«Անկախ նրանից ավարտվել է առաջին գործողությունը, թե չի ավարտվել, եթե Էրդողանը նոր գործություն է մտադիր սկսել, ապա մենք հենց սկզբից թուրքական զորքերի ներկայությունը օկուպացիա ենք համարել: Դա աղաղակող ագրեսիա է մեր երկրի ինքնիշխանության դեմ», - ասել է Հադդադը:
«Եվ մեր վերաբերմունքը թուրքական զորքերի ներկայությանը մեր տարածքում չի փոխվի նույնիսկ, եթե երկրորդ գործողություն սկսվի»,- ասել է դեսպանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայի զինված ուժերի «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում հաջողությամբ ավարտվել է: Թուրքական հատուկ նշանակության ուժերն 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Անկարան նաև հայտարարել էր, որ մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: