26.11.2024
ՊՆ-ը պարզաբանում է տարածել «զինվորականների ուղղորդված քվեարկության» վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Շարմազանով. Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մեջ ամենաշահագրգռվածը ՀՀԿ-ն է

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը մինչ այս պահը չի տեսել ընտրախախտման վերաբերյալ որևէ լուրջ ահազանգ: Լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, թե չի ուզում հատուկ թիրախավորել «Օհանյան- Րաֆֆի - Օսկանյան» դաշինքին, որը պարբերաբար հրապարակում է ընտրախախտումների մասին ահազանգեր, բայց նա չի տեսել և ոչ մի ահազանգ, որը կարող է ստվեր գցել ընտրական գործընթացների վրա:


«Ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան տարբեր ծառայություններ մատուցել տարբեր քաղաքական ուժերին, բայց ընտրական օրենսգրքի առկա մեխանիզմները չեզոքացնում են բոլոր ապօրինությունները», - վստահեցրեց նա:


Գնահատելով կոնկրետ իրենց շանսերը՝ նշեց. 


«Եթե ՀՀԿ-ն քիչ հավաքի, մեղավորը մենք ենք, շատ էլ հավաքենք՝ էլի մեղավորը մենք ենք»։


Անդրադառնալով այն հարցին, թե ահազանգերը, այդուհանդերձ, շատ են, Շարմազանովը նշել է, որ բոլորովին դրանք բացառել անհնար է և իշխանությունն էլ չի կարող այնպես անել, որ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում որևէ մեկը որևէ ընտրախախտման փորձ չանի։ Բայց, հավաստիացրեց նա, ամենաշահագրգռվածը հենց Հանրապետական կուսակցությունն է, որպեսզի ընտրական գործընթացն ընթանա ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Նրա խոսքով՝  գոնե մինչև այս պահը ՀՀԿ-ն ապացուցում է, որ գնում է այդ ճանապարհով:


Նշենք, որ ըստ դիտորդական կազմակերպությունների հաղորդումների, առավել շատ խախատումներ են՝ տեխնիկական սարքի խափանում կամ բացակայություն, ընտրողի կողմից քվեարկության, գաղտնիության խախտում եւ թեքահարթակի բացակայություն: Ընտրախախտումների գրեթե 75 տոկոսը թույլ են տվել տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները:


Էդուարդ Շարմազանովը նաև ասաց, որ հիմքեր չի տեսնում հետընտրական զարգացումների կամ հակաօրինական այլ զարգացումների համար։ Հիշեցնելով, որ որոշ կուսակցություններ բարձրաձայնել են նման սցենարի մասին, ՀՀԿ-ական գործիչը շեշտեց՝  բազում են եղել ու կան ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ, որոնք դրական են գնահատել ընտրական գործընթացը: