Հայաստանն ընտրում է. Ընտրախախտումների մեծ մասը կատարում են հանձնաժողովների նախագահները
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը:
«Տուժողը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն անհայտ անձը իր հեռախոսը կոտրել է: Հաղորդումն ընդունվել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Գլխավոր Դատախազությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:00-ի դրությամբ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 320 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 13-ը:
Ըստ հաղորդագրության, այդ 13 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են Ոստիկանության և Քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:
Նշված 13 հաղորդումներից 6-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, իսկ 3-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:
Ըստ դիտորդական կազմակերպությունների հաղորդումների, առավել շատ խախատումներ են՝ տեխնիկական սարքի խափանում կամ բացակայություն, ընտրողի կողմից քվեարկության, գաղտնիության խախտում եւ թեքահարթակի բացակայություն: Ընտարխախտումների գերեթե 75 տոկոսը թույլ են տվել տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները:
Ըստ ԿԸՀ տվյալների, ժամը 11.00-ն դրությամբ քվեարկությանը ընտրելու իրավունք ունեցող 2. 587 706 քաղաքացիներից մասնակցել է 344,714-ը, կամ ընտրողների 13,32 տոկոսը: