Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի քվեարկությանը
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու այսօր անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ չմասնակցելու պատճառն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է «Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին: Ռոբերտ Քոչարյանը Երևան է վերադառնալու այսօր ուշ երեկոյան, և հետևաբար տեղամաս, նշել է Սողոմոնյանը, գնալ չի կարող։
Հիշեցնենք, ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր ընտրությունները՝ նշելով, որ այս խորհրդարանական ընտրությունները զուրկ են գաղափարական պայքարից, լինելու է քսակների կռիվ.
«Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին: Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը»,- նշել էր ՀՀ 2-րդ նախագահը: