«Հայաստան» խմբակցությունը միացավ «Պատիվ ունեմ»-ի իմպիչմենտի գործընթացին
ԱԺ-ում քննարկվում էր «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց դաշինքը լիովին համամիտ է ներկայացված փաստարկներին և միանում է գործընթացին։
«Մենք շարունակաբար պնդում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին խախտվել է երկրի սահմանադրական կարգը, նրա գործողություններն ունեն պետական դավաճանության հատկանիշներ, իսկ պաշտոնազրկման իրավաքաղաքական հիմքերը անհերքելի են»,– ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ խմբակցությունը նախագծի օգտին է քվեարկելու թե՛ հանձնաժողովում, թե՛ լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ իշխանափոխության ուղին տեսել են իմպիչմենտի միջոցով, սակայն գործընթացը խորհրդարան չէր մտնում ստորագրությունների պակասի պատճառով։ Այժմ, երբ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է իմպիչմենտի նախաձեռնության մասին, «Հայաստան» դաշինքը որոշել է պաշտոնապես միանալ․ «Մենք մեր ստորագրությունները հրապարակել ենք դեռ ամիսներ առաջ, հիմա դրանք փոխանցում ենք գործընկերներին՝ ընդգծելով, որ պատրաստ ենք համատեղ պայքարին»։
Սաղաթելյանը հավելեց, որ եթե տեխնիկական խնդիրներ առաջանան, «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները կտեղափոխվեն նաև այն ձևաթղթի տակ, որը ներկայացրել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը։